Աղանդերների պատերազմ. Երեւանյան «Կոտրված ծաղկաման» VS պետերբուրգյան «Մայրիկի սիրելի ծաղիկը»

12:04   18 դեկտեմբերի, 2017

Երեւանյան գաստրոնոմիական «Yeremyan projects» ընկերության «Շերեփ» ռեստորանը չէր էլ հասցրել լայն ճանաչում ձեռք բերել, երբ հաստատության աղանդերներից մեկը՝ ծաղկամանի տեսքով, Instagram-ի հիթ դարձավ: Ռեստորանի այցելուները հիացած էր արտասովոր աղանդերով: Բայց եթե լինեիք Պետերբուրգում, կիմանայիք, որ «Мамин любимый цветок» («Մայրիկի սիրելի ծաղիկը») աղանդերն արդեն ավելի քան հինգ տարի «Ленинград» խմբի մեներգչի կնոջ՝ Մաթիլդա Շնուրովայի ռեստորանի կուռքային ուտեստն է: Որոշեցինք հանդիպել երեւանյան ռեստորանի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է ծագել ուտելի ծաղկաման ստեղծելու գաղափարը եւ ինչպես պետք է այն ճիշտ ուտել:

«Ճաշացանկում «Կոտրված ծաղկաման» աղանդերը ներառելու գաղափարը մեր տնօրեն Դավիթ Երեմյանինն է, որը ճամփորդելու ընթացքում հաճախ է նոր եւ հետաքրքիր ուտեստներ համտեսում: Նա մեզ պատմեց իր նախասիրությունների մասին, որոնք մենք կյանքի կոչեցինք: Մեր ընկերությունը չի թաքցնում, որ աղանդերը փոխառել ենք այլ հաստատությունից, բայց մեր հրուշակագործներն այն լրամշակել են: Շատ երկար ենք աշխատել համի, կրեմի եւ բաղադրիչների ուղղությամբ: Ծաղկամանից թափված «հողը» բիսկվիթի փշրանք է՝ կակաոյով»,- պատմեց ռեստորանի գլխավոր հրուշակագործ Անահիտ Միքայելյանը:

Մաթիլդա Շնուրովան հարցազրույցներից մեկում ասել է, որ ռեստորանի շեֆ-խոհարար եւ աղմուկ հանած ծաղկի ու շատ այլ հանրահայտ ուտեստների հեղինակ Իգոր Գրիշեչկինը «պարբերաբար նյարդայնանում է, որ մարդիկ փոխառում են իր գաղափարները, բայց ժամանակն անցնում է, նա հանգստանում է եւ արդեն սկսում է խորհուրդներ տալ, թե պատճենողներն ինչպես կարող են ծաղիկ-աղանդերի համար հավասար ծաղկաման ստանալ»:

NEWS.am Style-ը կապվեց հեղինակավոր շեֆ-խոհարարի հետ եւ նրա կարծիքը հարցրեց հայկական «ծաղկամանի» մասին: Տեսնելով լուսանկարը՝ Գրիշեչկինն անմիջապես գուշակեց, որ այն տիրամիսու է, եւ նշեց, որ նման պատճեններ բազմիցս է տեսել. «Այս աղանդերը ստեղծել եմ մանկական հիշողությունների եւ տպավորությունների ազդեցությամբ... Մի անգամ կոտրեցի մորս սիրելի ծաղկամանը, նա շատ տխրեց: Ամենակարեւորը գաղափարն է, որը բացահայտում է մտածողությունն ու ասոցիացիաները»:

Քանի որ երկու քաղաքում էլ ապրել եմ, բախտ եմ ունեցել համտեսել աղանդերի երկու տարբերակն էլ:

Պետերբուրգյան աղանդերը մուգ շոկոլադից է, ներսում՝ թթվասերային մուս՝ հալվայի գերիշխող համով: Այն, հավանաբար, նախատեսված է հալվայի սիրահարների համար: Մուսը լեզվի վրա պղպեղային պաղպաղակի համ է թողնում՝ կարծես պատժելով կոտրված ծաղկամանի համար: Այս ծաղկանաի շուրջ թափված «հողը» շոկոլադե բրաունի է, ծաղիկը՝ անանուխային զանգակածաղիկ: Աղանդերը մատուցում են սալիկի վրա, ինչն ուժեղացնում է կոտրված ծաղկամանի հետ ասոցիացիան:

Աղանդերի երեւանյան տարբերակի համը տիրամիսուն է հիշեցնում. թեթեւ սերուցքային կրեմ, նուրբ բիսկվիթ, որն ինձ դուր եկավ՝ պարզ բաղադրակազմի շնորհիվ: Սակայն Գրիշեչկինի աղանդերի մատուցման տարբերակն ավելի մտածված է, իր մեջ հիշողություն եւ պատմություն է թաքցնում:

«Մենք հաճախ ենք նկատում, որ աղանդերը պատվիրող այցելուները չգիտեն եւ չեն հասկանում՝ ինչպես պետք է այն ուտել: Գլխավոր սխալն այն է, որ բոլորը հանում են ծաղկամանի միջուկը, իսկ շոկոլադը մնում է: Հարկավոր է կոտրել շոկոլադե ծաղկամանը, որպեսզի բոլոր բաղադրիչները խառնվեն եւ հնարավոր լինի վայելել համերի ամբողջ գունապնակը»,- մեկնաբանում է Անահիտ Միքայելյանը:

 

Մարգարիտա Ավագյան



© NEWS.am STYLE