8 գաղտնիք, որոնք կօգնեն պահպանել քաշը տոների ընթացքում

14:21   18 դեկտեմբերի, 2017

Անգլիացի սննդաբան Ռիան Ստեֆենսոնի խորհուրդների շնորհիվ կկարողանաք ըմբոշխնել տոնական խնջույքները և դրանով հանդերձ՝ չգիրանալ:

Առավոտը սկսեք ասեղնաբուժությամբ

Դրա համար ամենևին հարկավոր չէ հաճախել ասեղնաբույժի մոտ, բավական է արթնանալուց անմիջապես հետո 10-20 րոպե տևողությամբ պառկել ասեղնագորգի վրա, որից հետո մեկ բաժակ ջուր խմել՝ ցանկալի է քիչ քանակությամբ կիտրոնի հյութով: Ասեղներով պատված գորգին պառկելը նպաստում է արյան և ավշի շրջանառության խթանմանը, արագացնում է օրգանիզմից թունավոր նյութերի դուրս բերումը և լավացնում նյութափոխանակությունը՝ օրգանիզմին թույլ տալով հնարավորինս շատ կալորիաներ վատնել և պաշտպանվել գիրանալուց:

Ճիշտ նախաճաշեք

Որպեսզի մարսողական համակարգը փոքր-ինչ հանգստանա և կարողանա հաղթահարել երեկոյան շատակերության հետևանքները, նախաճաշեք սպանախով, նեխուրով, կիտրոնով և ավոկադոյով պատրաստած խառնուրդով՝ ձեզ համար ցանկալի և ընդունելի չափաբաժիններով հարելով այդ բաղադրիչները բլենդերի միջոցով մինչև խյուսանման դառնալը: Այս նախաճաշը յուրահատուկ է նրանով, որ այն հնարավոր է ուտել որպես խյուս, ինչպես նաև քիչ ջուր ավելացնելով՝ խմել որպես սմուզի:

Շատ շարժվեք

Տոնական օրերի ոսկե կանոնը՝ հնարավորինս շատ շարժվել: Ի տարբերություն սովորական օրերի՝ տոնական խնջույքների ժամանակ՝ դրանցից առաջ կամ հետո աշխատեք ֆիզիկական ակտիվությունը շատ չկրճատել: Եթե սովորաբար շաբաթական երկու անգամ հաճախում եք մարզասրահ, ապա այդ օրերին աշխատեք շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ լինել այնտեղ: Եթե սիրում եք ամեն առավոտյան զբաղվել յոգայով, ապա մի դադարեցրեք դրանով զբաղվել նաև տոներին՝ գոնե օրումեջ: Իսկ եթե մարզասրահ չեք հաճախում և ոչ էլ յոգայի սիրահար եք, ապա աշխատեք շատ զբոսնել, մոռանալ վերեկալի մասին և տուն հասնելու համար օգտվել աստիճաններից:

Եղինջի եփուկ խմեք

Առավոտյան եղինջի եփուկ պատրաստեք՝ տերևների վրա եռացրած ջուր լցնելով և կարճ ժամանակով եփելով այն: Ամբողջ օրվա ընթացքում խմեք այդ եփուկը: Արդյունավետ չափաբաժինը մեկ լիտրն է: Եղինջում առկա նյութերը մաքրում են լյարդը՝ լավացնելով դրա աշխատանքը, ունեն միզամուղ հատկություն, ինչի շնորհիվ օրգանիզմից դուրս են բերվում թունավոր նյութերը, իսկ աշխուժացնող միկրոտարրերն օգնում են հաղթահարել խումհարը:

Տարանջատեք սնունդը

Հիշեք՝ երբեք պարզ ածխաջրերը մի խառնեք սպիտակուցների հետ, աշխատեք դրանք ուտել օրվա տարբեր ժամերին՝ ածխաջրերն առանձին, սպիտակուցներն՝ առանձին: Կարող եք միսն ուտել բանջարեղենի հետ, մակարոնեղենը նույնպես թույլատրվում է համատեղել բանջարեղենի հետ, սակայն խուսափեք միսը մակարոնեղենի հետ ուտելուց: Այս հասարակ կանոնը կփրկի ձեզ գազերի առաջացումից, որովայնում տհաճ զգացողության առաջացումից, փքվածությունից և ավելորդ կիլոգրամներից:

Կառավարեք ցանկությունները

Եթե ձեզ գերկալորիական աղանդեր են առաջարկում, փորձեք գիտակցական որոշում կայացնել: Մեկ անգամ ինքներդ ձեզ նման համեղ աղանդերով երես տալով՝ հետո ստիպված կլինեք բավականին մեծ էներգիա ծախսել, որպեսզի ազատվեք ավելորդ կիլոգրամներից:

Վիտամիններ խմեք

Ալկոհոլն ու ճարպոտ սնունդը նպաաստում են օրգանիզմում B խմբի վիտամինների քայքայմանը, ուստի պարբերաբար նման սնունդ օգտագործելու դեպքում լրացուցիչ վիտամիններ խմեք՝ պակասն օրգանիզմում լրացնելու համար:

Շատ քնեք

Աշխատեք պահպանել առնվազն 9 ժամյա քնի ռեժիմն անգամ տոնական օրերին՝ մարսողական համակարգի օրգաններին, երիկմներին հանգստանալու և վերականգնվելու հնարավորություն տալով:

 

 

Աղբյուր՝Cosmo



© NEWS.am STYLE