«Ինձ Սանտայի դպրոցում էի զգում». ինչպե՞ս փորձագետը մեկնեց Լապլանդիա եւ ընկերացավ եղջերուի հետ (ֆոտո)

16:03   20 դեկտեմբերի, 2017

Երբ խոսում ենք Ամանորի եւ Ձմեռ պապի մասին, հաճախ մեզ պատկերացնում ենք հեքիաթային Լապլանդիայում. չէ՞որ, ինչպես ասում են՝ Սանտա Կլաուսը հենց այնտեղ է բնակվում:

45-ամյա Գորդոն Բուչանան որոշել է իր պատկերացումներն իրականություն դարձնել: Գորդոնն ուսումնասիրում է վայրի բնությունը: Իր հերթական ուսումնասիրության առարկան նա դարձրել է հյուսիսային եղջերուին: Նրան որոնելու համար Գորդոնը մեկնել է ցրտաշունչ Լապլանդիա, սակայն փորձագետը չէր էլ կարող պատկերացնել, որ այնտեղ նա զգալու է, թե ինչ է իրական հեքիաթային Ամանորի շունչը:

Ամենուրեք ձյուն, սպիտակ տանիքներ, բարի մարդիկ ու հազարավոր եղջերուներ...

«Եթե շատերը փակում են իրենց աչքերն ու պատկերացնում, թե ինչ զգացողություն կունենային, եթե կարողանային ամբողջությամբ խորասուզել սպիտակ ձյան մեջ, ապա Լապլանդիայում պետք չէ ոչինչ պատկերացնել: Այն հենց այդպիսին է՝ ձյունածածկ, սպիտակ ու փափուկ: Երբ առաջին անգամ ոտք դրեցի այնտեղ, ինձ թվաց, թե աչքիս առաջ բացվում է ամենագեղեցիկ ամանորյա տեսարանը»,-պատմում է նա:

Որպես վայրի բնության փորձագետ՝ Գորդոնը ցանկանում էր մի քանի օր անցկացնել հյուսիսային եղջերուի հետ, տեսնել հյուսիսային լույսերն ու զգալ տեղի մշակույթը: Նա հասցրել է նաեւ ընկերանալ այն եղջերուի հետ, որի հետ անցկացրել է այդ ուսումնասիրության օր:

«Հետաքրքիր մի միջադեպ եղավ: Երբ միասին լեռն էինք բարձրանում, նա հանկարծ մի պահ կանգնեց: Հետո ես հասկացա, որ նա ուզում էր նախազգուշացնել, որ ճանապարհին բարակ սառույց կար, որը կարող էր կոտրվել, եթե նրա վրա անզգուշորեն կանգնեի: Այս կենդանիները շատ զգայուն են ու շատ դիմացկուն: Երբ արդեն բարձրունքում էինք եւ մութ էր, ես վրանում էի եւ շատ վատ էի զգում, որ իմ ընկերը այս ցրտին մրսելու է դրսում: Սակայն նրան ծածկոց պետք չէր: Նա իրեն լավ էր զգում այդ ցրտին: Գիտեք, տեսնելով այդ կենդանու հավատարմությունը, ես սկսեցի վատ զգալ՝ հիշելով, որ հաճախ եմ կերել եղջերուի միս»:

Փորձագետը Լապլանդիայի մշակույթին ավելի մոտ լինելու համար որոշել է նաեւ բնակություն հաստատել տեղի ընտանիքներից մեկի տանը:

«Այստեղի մարդիկ հազարավոր եղջերուներ են պահում: Հատկանշականն այն է, որ եղջերուները մարդկանց օգնության կարիքը չունեն, իսկ ահա մարդիկ նրանցից շատ են կախած` օգտագործում են նրանց մորթին եւ միսը: Այստեղի ջերմաստիճանը -22 է, բայց մարդկանց համար սա սովորական ջերմաստիճան է, մինչդեռ իմ բջջայինը դրսում անջատվում էր ցրտից: Նրանց ամանորյա ավանդույթները չեն տարբերվում շատ երկրներից, բայց այստեղ գտնվելով յուրաքանչյուր մարդ կսկսի հավատալ ամանորյա հրաշքներին»,-ասում է Գորդոնը:

Աղբյուրը՝ Mirror.co.uk

Լուսանկարները՝ BBC



© NEWS.am STYLE