Փայլեր, հուլունքներ ու քաոսային միքսեր. դիմահարդար Դիանա Տոնոյանը՝ 2018 թ-ի թրենդների մասին (ֆոտո)

14:05   21 դեկտեմբերի, 2017

Դրսում ձմեռ է, ինչը նշանակում է, որ Ամանորը մոտ է, ինչով էլ կազդարարվի 2018 թ-ը, որը լի է լինելու նորություններով եւ հետաքրքիր թրենդներով: Որո՞նք են լինելու գալիք տարվա ակտուալ երանգները դիմահարդարման մեջ: Հարցի պատասխանը ստանալու համար NEWS.am STYLE-ը զրուցել է դիմահարդար Դիանա Տոնոյանի հետ.

«Ձմռանը շպարը պետք է առանձնահատուկ լինի, քանի որ մաշկը փոխում է իր գույնն ու թեփոտում: Խորհուրդ եմ տալիս օգտվել անփայլ տոներից եւ խուսափել խոնավեցնող քսուքների եւ նմանատիպ շրթներկի օգտագործումից, քանի որ դրանցից մաշկն ու շուրթերը կարող են ճաքչքել»,-ասում է Դիանան՝ հավելելով, որ ինչպես նախկինում՝ հիմա եւս արդիական է «շպար առանց շպարի» հասկացությունը.

«Ինչպես նաեւ նորաձեւություն է վերադարձել nude ոճի շպարը, որի հետ կիրառում են զանազան գեղեցկության միջոցներ:

2018 թ-ի ձմռանն ակտուալ են մետալիկ ստվերաներկերի միանգանմից մի քանի գույներ, մուգ կարմիր շուրթեր եւ «տիկնիկային թարթիչներ»: Թրենդային են լինելու նաեւ գրաֆիկական սուրմաները, հուլունքներն ու քարերով շպարը, որը կարծում եմ՝ հայուհիներին այնքան էլ դուր չի գա:

Աչքերի շպարի մեջ չի կարելի առանձնացնել որեւէ դոմինանտ գույն, միայն կարող եմ ասել, որ մետալիկ տեքստուրան կխավարեցնի մնացած ամեն ինը: Խոսքը միայն թեթեւ արծաթագույն շպարի մասին չէ, որին բոլորն արդեն ընտելացել են: Դիմահարդարները մետալիկ ստվերաներկերն օգտագործել են՝ միքսելով ամենաանսպասելի երանգները: Օրինակ՝ Ալբերտա Ֆերետիի ցուցադրության ժամանակ մոդելների կոպերը ներկել էին միաժամանակ ոսկեգույն, սեւ, կարմիր եւ մոխրագույն երանգներով»:

Դիմահարդարը չմոռացավ խոսել նաեւ Ամանորի գիշերվա շպարի մասին.

«Չինական օրացույցի համաձայն՝ 2018-ը դեղին շան տարի է: Վառ արեւային երանգները գերակշռում էին նաեւ 2017 թ-ին: Իհարկե, այնքան էլ լավ միտք չէ ձմռանն աչքերին դեղին գույն քսելը, հետեւաբար առաջարկում եմ հիմնվել թրենդների վրա եւ օգտագործել դեղինի եւ ոսկեգույնի համադրությունը:

Օրինակ՝ Բրենդոն Մաքսվելի շոուի ժամանակ դեղին եւ ոսկեգույն երանգները քսել էին սեւ ստվերաներկի վրայից՝ կոպի մեջտեղի հատվածում, ինչն աչքերին կոնտրաստ էր հաղորդել: Իսկ եթե մեր գեղեցկուհիները ցանկանում են առավելագույնս փայլել Ամանորի գիշերը, կարելի է օրինակ վերցնել Ալեքսիս Բեբելիի շոուի մոդելներից, որոնք կրում էին գելային փայլ, իսկ ոսկեգույն ստվերաներկերը տարածված էին ոչ հավասար շտրիխներով: Հենց այդ անփությությունն էլ կերպարը դարձրել էր մոդայիկ»,-ասում է Դիանան, նաեւ հավելում.

«Ինձ շատ են դուր եկել 2018 թ-ի թրենդները, եւ ես համոզված եմ, որ կգտնվեն այնպիսի համարձակ գեղեցկուհիներ, որոնք կօգտվեն այդպիսի շպարից: Հուսով եմ՝ իմ խորհուրդներն օգտակար կլինեն հայուհիների համար»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE