Ի՞նչ ֆիլմ դիտել այսօր. «Էսպենը՝ տրոլների թագավորությունում»

18:02   21 դեկտեմբերի, 2017

Եթե սիրում ես հեքիաթային պատմություններ ու ցանկանում ես մտովի ճանապարհորդել անիրական ու արկածային մի աշխարհում, ապա NEWS.am STYLE-ն առաջարկում է այս երեկոն անցկացնել ռեժիսոր Միկել Բրեննե Սանդեմուսեի՝ «Էսպենը՝ տրոլների թագավորությունում»/Askeladden-I Dovregubbens ֆիլմի ներքո:

Նորվեգական արտադրության այս ֆիլմն էկրաններ է բարձրացել այս ամիս: Սյուժեն հետեւյալն է.

Արքայադուստրը, որին հայրը ցանկանում է ամուսնացնել 18 տարին լրանալուց հետո, բոլորովին չի կիսում ծնողների ցանկությունը, սակայն նրանք այլ տարբերակ չունեն. համաձայն լեգենդի՝ եթե արքայադուստրը չամուսնանա 18-ամյակը լրանալուց հետո՝ չար տրոլը կարթնանա եւ նրան կբանտարկի իր քարանձավում: Աղջիկն ի տարբերություն հոր՝ չէր հավատում այդ լեգենդին՝ եւ չցանկանալով ամուսնանալ առանց սիրահարվելու, փախչում է պալատից:

Անհանգիստ թագավորը հայտարարություն է տարածում՝ նշելով, որ նա, ով կգտնի իր դստերը ու կվերադարձնի պալատ, կարժանանա արքայադստեր ամուսինը դառնալու պատվին, ինչպես նաեւ կստանա թագավորության կեսը:

Աղքատ ընտանիքում ծնված Էսպենի համար սա բարեկեցիկ կյանքի լավ հնարավորություն էր: Այդ պատճառով էլ Էսպենը որոշում է անպայման գտնել կորած արքայադստերն ու նրան վերադարձնել հորը: Նրանից հետ չեն մնում նաեւ եղբայրները, որոնցից յուրաքանչյուրը կարծում էր, որ հենց ինքը պետք է արժանանա թագավորի պարգեւին:
Շուտով տեղի է ունենում այն, ինչից վախենում էին բոլորը: Տրոլն իսկապես փախցնում է արքայադստերը: Չնայած իր ճանապարհին հայտնված վտանգին՝ Էսպենը որոշում է չհանձնվել եւ գտնել արքայադստերը: Իսկ, թե ինչ է լինում հետո, կիմանաք ֆիլմը դիտելուց միայն:)



© NEWS.am STYLE