Տարոն Մարգարյանը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով

11:02   22 դեկտեմբերի, 2017

Մենք գիտեինք, որ Ժաննա Լևինան հենց այնպես չէ ժամանակավորապես փակել իր Instagram-ը ,իսկ Գարիկ Մարտիրոսյանն էլ ոչինչ չէր հրապարակում։ Մենք գուշակում էինք, թե ուր է ուղևորվել զույգը, մինչդեռ ամուսինները ոչ մի տեղ էլ չէին մեկնել, այլ պարզապես այցելել էին Մոսկվայում անցկացվող «Երևանյան օրեր Մոսկվայում» միջոցառումների ծրագիրը, որին մասնակցում է նաև հայկական պատվիրակությունը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ղեկավարությամբ, որը Գարիկ Մարտիրոսյանին պարգևատրել է «Արգիշտի առաջին» մեդալով՝ հեռուստատեսության ոլորտում զգալի ավանդի, նաև Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցության զարգացմանը մեծապես աջակցելու համար։ Այս մասին Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան է հայտնել իր Instagram-ում։

«Այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գարիկին շնորհել է «Արգիշտի առաջին» հուշամեդալը՝ հեռուստատեսության ոլորտում նշանակալի ավանդի և Երևանի ու Մոսկվայի միջև համագործակցությանը մեծապես նպաստելու  համար։ Սա Գարիկի առաջին պետական պարգևն է։ Հպարտանում եմ քեզնով։ Դու մեր հպարտությունն ես, դու Երևանի ու Հայաստանի հպարտությունն ես։ Դու քո ազգի արժանի զավակն ես, որն արդեն 20 տարի փառաբանում է իր երկիրը ու աջակցում ոչ միայն Երևանի ու Մոսկվայի, այլև Հայաստանի ու Ռուսաստանի միջև համագործակցության զարգացմանը»,- մակագրել է Ժաննան իր հրապարակած լուսանկարը։



© NEWS.am STYLE