«Նրբագեղ, դասական եւ մինիմալիստական». Թամար Կապրելյանի բացառիկ ֆոտոշարքը՝ NEWS.am STYLE-ի համար

11:01   25 դեկտեմբերի, 2017

Ամերիկաբնակ հայտնի երգչուհի Թամար Կապրելյանը, որն այս տարի մասնակցելու է «Դեպի Երատեսիլ» նախագծին, օրերս Երեւանում էր: Երգչուհին իր կարճատեւ այցի ընթացքում հասցրեց հանդիպել NEWS.am STYLE-ին, ինչպես նաեւ լուսանկարվել հատուկ մեր ընթերցողների համար: Թամար Կապրելյանի բացառիկ ֆոտոշարքն ու հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Թամար, միշտ ուրախ ենք քեզ տեսնել այստեղ: Ո՞րն էր այս անգամ Հայաստան այցելելու առիթը:

Եկա Հայաստան, որոհետեւ շատ էի կարոտել իմ երկիրը: Բայց այս այցելությունս նաեւ կարեւոր էր նրանով, որ պետք է ավարտեի մեր եվրատեսիլյան երգը: Նաեւ ցանկանում էի հնարավորություն ունենալ եւ քննարկել «Նուբարի բոյը» տեսահոլովակը, որը մի քանի ամիս առաջ ենք ներկայացրել: Հայաստանյան այցս տեւեց 5 օր, բայց հունվարին կվեերադառնամ՝ արդեն մեկ ամսով:

Թամար, դու առաջին հայտնիներից էիր, ով հայտարարեց, որ մասնակցելու է «Դեպի Երատեսիլին»: Այսօր այդ ցանկն ընդլայնվել է շատ հայտնի անուններով՝ Հասմիկ Շիրոյան, Սեւակ Խանաղյան, Կամիլ, «Նեմրա»... Ո՞մ ես տեսնում՝ որպես քո հիմնական մրցակից:

Իսկապես նրանց բոլորին շատ համակրում եմ եւ ուրախ եմ, որ նրանց հետ եմ կիսելու բեմը: Կարծում եմ՝ յուրաքանչյուրս էլ եզակի ենք մեր տեսակի մեջ: Ես մեծապես համոզված եմ, որ այս մրցույթում արժանի հաղթող կարող է դառնալ նա, ով պատվով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլում»:

Քանի որ մեր ֆոտոշարքն իրականացրեցինք Երեւանի կենտրոնում, կցանկանայի նաեւ իմանալ՝ ո՞րն է մեր քաղաքի քո ամենասիրելի անկյունը:

Այնքան շատ վայրեր կան, որոնք սիրում եմ: Բայց հատկապես շատ եմ հավանում Կասկադը (Գաֆեսճյան արվեստի կենտրոն) եւ դրա շրջակայքում գտնվող սրճարանները: Տարածքն, իսկապես, շատ գեղեցիկ է:

Երբ ԱՄՆ-ում ես լինում, ի՞նչն ես ամենից շատ կարոտում Հայաստանը հիշելիս:

Ուտելիքը, մարդկանց, լեզուն, ընկերներիս, ինչպես նաեւ շատ եմ կարոտում իմ «Նվակ»-ի երգահաններին եւ այն բոլոր տաղանդավոր մարդկանց, որոնց հետ ես աշխատում եմ այնտեղ:

Լուսանկարներում երկու տարբեր կերպարներում ես. ինքդ քո ոճը ո՞ր երեք բառերով կնկարագրեիր:

Կարծում եմ՝ նրբագեղ, դասական եւ մինիմալիստական:

Թամար, այս օրերին աշխարհի տարբեր ծայրերում պատրաստվում են Ամանորին: Ինչպե՞ս ես նշելու տոնն այս տարի:

Նոր տարին կանցկացնեմ Արիզոնայում, իսկ հայկական Սուրբ Ծնունդը՝ Լոս Անջելեսում: Իմ ժամանակը կանցկացնեմ ընտանիքիս անդամների եւ սիրելի մարդկանց հետ:

Իսկ ի՞նչ կմաղթես հայերին գալիք տոնի առթիվ:

Բոլորին մաղթում եմ առողջություն, երջանկություն եւ սեր:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Դիզայներ՝ Եվա Թանգյան



© NEWS.am STYLE