Կարո Աբաչյանը՝ տղամարդկանց նորաձեւ սանրվածքների եւ թրենդային համարվող մորուքի մասին (ֆոտո)

15:05   26 դեկտեմբերի, 2017

Նորաձեւության մասին խոսելիս՝ հաճախ առավել մեծ ուշադրության են արժանանում կանայք եւ աղջիկները, մինչդեռ պետք չէ մոռանալ, որ տղամարդիկ եւս հետաքրքրվում են նորաձեւությամբ, եւ որ տղամարդկանց նորաձեւությունը եւս թելադրում է իր սեզոնային թրենդները:

Հատուկ իր արական սեռի ընթերցողների համար NEWS.am STYLE-ը զրուցել է վարսահարդար Կարո Աբաչյանի հետ, որի հաճախորդներից շատերը հայկական շոու-բիզնեսի հայտնի տղամարդիկ են:

«Տարեսկզբից նորաձեւ կլինեն երկար, դասական սանրվածքները։ 2018 թվականին նորաձեւ չեն լինի կարճ կտրվածքները (ֆեյդ եւ այդ տեսակները)։ Կողային նոսր եւ վերեւում երկար սանրվածքները, որքան պահանջված էին 2017-ին՝ 2018-ին քիչ կհանդիպեն:

Նորաձեւ են հիմնականում այս սանրածքները»,-ասում է Կարոն՝ հավելելով.

«Մորուքները կշարունակեն մնալ թրենդային, ընդ որում՝ կիսասպիտակ տեսքով՝ անկախ տարիքից։ Այս տարի մենք ունեցել ենք նման մորուքներ, որոնք հաջորդ տարի եւս կլինեն նորաձեւ»։

Խոսելով իր հայտնի հաճախորդների պահանջների մասին՝ Կարոն նշում է.

«Շոու-բիզնեսի տղամարդկանց մեծամասնությունը, որոնք հաճախում են մեզ մոտ՝ նկարահանվում են տարբեր սերիալներում, տեսահոլովակներում եւ ֆիլմերում, ուստի նրանց սանրվածքների ընտրությունը հաճախ պայմանավորված է լինում տվյալ ժամանակահատվածում նրանց մարմնավորած կերպարների արտաքին տեսքով։ Սակայն դա չի խանգարում մեզ ամեն անգամ խորհրդակցել՝ նոր սանրվածքների ընտրության հարցում»:

Կարոյի խոսքով՝ հայ տղամարդիկ սկսել են ավելի շատ հետեւել իրենց նորաձեւ սանրվածքին եւ ոչ միայն. «Մեզ մոտ սովորական են դարձել այցելությունները նաեւ մատների, եղունգների խնամքի եւ ավելորդ մազահեռացման համար:

Ունենք նաեւ նկատելի համարձակ երիտասարդներ»։

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE