«Մեր տանը միշտ Նոր տարի է». Անդրանիկ Հարությունյանի ընտանիքը՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում

12:08   31 դեկտեմբերի, 2017

Այսօր այն օրն է, երբ բոլորս սպասելու ենք հրաշքի, ունենալու ենք նոր նպատակներ եւ ակնկալիքներ: Այո, այս գիշեր Հայաստանում եւ աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ նշելու են Ամանորը՝ տոն, որը հատկապես խորհրդանշական է հայ ընտանիքներում: Իսկ ինչպե՞ս են այս տոնը նշում դերասան եւ հումորիստ Անդրանիկ Հարությունյանի ընտանիքում: NEWS.am STYLE-ն այցելել է նրանց հյուրընկալ բնակարան, լուսանկարել Անդոյին, նրա կնոջը՝ Մերիին եւ նրանց 5-ամյա դստերը՝ Էլենին: Ֆոտոշարքից հետո հետաքրքիր եւ հումորով հագեցած զրույց ենք ունեցել նրանց երեքի հետ:)

Երբանի՞ց եք սկսում պատրաստվել Ամանորին:

Անդո. Դեկտեմբերի 31-ից սկսում ենք պատրաստվել Ամանորին, մինչեւ մյուս տարվա դեկտեմբերի 31-ը: Մեր տանը միշտ Նոր տարի է, քանի որ միշտ ուրախ տրամադրություն է տիրում, որովհետեւ կամ ես, կա Էլենը, կա Մերին, մայրս, հայրս...

Սիրո՞ւմ եք այս տոնը:

Մերի. Շատ: Սիրում եմ, երբ զարդարում ենք տունը, եւ տոնական տրամադրություն է ստեղծվում: Այս օրերը տարբերվում են տարվա մյուս օրերից...

Անդո. Անկեղծ ասած՝ ես չեմ սիրում ավելորդ եւ անիմաստ ծախսերի պատճառով: Բայց Մերին, մայրիկս, Էլենը շատ են սիրում: Ուզում եմ հասկանամ՝ ինչու...

Էլեն. Որոհետեւ ձնագնդի ենք խաղում, տունն ենք զարդարում, Ձմեռ պապիկը նվերներ է բերում ու դնում տոնածառի տակ, հետո արթնանում ենք ու բացում:

Էլեն, իսկ այս տարի ի՞նչ ես խնդրել Ձմեռ պապիկից:

Էլեն. Գրասեղան եմ ուզել, կինետիկ ավազ...

Ո՞վ է սովորաբար զարդարում ձեր տան տոնածառը:

Մերի. Ես ու Էլենն ենք զարդարում: Անդոն տանը չի լինում, տատիկին ու պապիկին էլ նեղություն չենք տալիս, երկուսով ենք զարդարում: Եթե ինձ մնար, ես դեկտեմբերի 1-ից արդեն կզարդարեի տոնածառը: Հիմնականում ամսի 22-ից ենք սկսում պատրաստությունները: Ամեն տարի նորովի ենք այն զարդարում: Եղել է տարի, որ մանուշակագույն եմ արել, մի տարի կարմիր գույնի մեջ: Այս տարի մեր տան կահույքի գույների հետ փորձեցի հարմարեցնեմ եւ զարդարեցի ոսկեգույն ու շագանակագույն երանգներով:

Սովորաբար ինչպե՞ս եք ձեր ընտանիքով նշում Ամանորը:

Անդո. Սովորաբար Նոր տարվա գիշերը նշում են առանց ինձ: Ես ժամը 5-ին նոր տուն եմ գալիս: Օրինակ՝ անցած տարի այնպես էր ստացվել, որ աշխատանքի բերումով դեկտեմբերի 31-ից մինչեւ հունարի 4-ը տանը չեմ եղել: Բայց այս տարի միայն ամսի 31-ին աշխատանքի կլինեմ: Իսկ հաջորդ օրն արդեն կանցկացնեմ ընտանիքիս հետ: Հետո արդեն «բոնբոներկա»-ով գնում ենք բարեկամներին շնորհավորելու (ծիծաղում է): Մի խոսքով՝ Ամանորն ինձ համար սովորական օր է, որովհետեւ արդեն 7-8 տարի է՝ տանը չեմ լինում այդ օրը: Հետո էլ՝ մի տարի էլ ենք մեծանում...

Մերի. Օրինակ՝ ես այդպես չեմ մտածում: Ամանորն արդեն խորհրդանշում է նոր կյանք: Նոր ձեռքբերումներ ու սպասումներ ես ունենում: Այս տարի մենք ունեցանք կորուստ՝ Անդոյի տատիկը մահացավ: Իսկ տարվա ձեռքբերումն այն էր, որ առաջին անգամ հորաքույր դարձա: Հուսով եմ՝ գալիք տարին միայն ձեռքբերումներով լի կլինի:

Անցնենք ամանորյա ուտեստներին: Խոզի բուդ պարտադիր դնո՞ւմ եք սեղանին:

Անդո. Չէ, ի՞նչ խոզի բուդ: Մեր սեղանին պարտադիր պետք է կոկորդիլոս լինի կամ ջայլամ:

Մերի. (ծիծաղում է): Չէ, պարտադիր չէ խոզի բուդը: Եղել է տարի, որ չենք դրել սեղանին: Մեր ամանորյա սեղանին սովորաբար լինում է բլինչիկ, Մայրաքաղաքային աղցան, չրի տեսականի...

Անդո. Այն ամենը, ինչ ես շատ եմ սիրում, պարտադիր լինում է մեր սեղանին:

Եկեք մի պահ պատկերացնենք, որ Ձմեռ պապը ձեր առջեւ կանգնած է, Անդո եւ Մերի, դուք ի՞նչ կխնդրեիք նրանից:

Անդո. Ի դեպ, ես էլ եմ նրան նամակ գրել: Ուզում եմ, որ Հայաստանում լինի ամեն ինչ շատ լավ, մարդիկ լավ ապրեն, խաղաղություն տիրի երկրի ներսում եւ սահմաններին: Ընդամենը այդքանը: Այսքան թվարկածս եթե լինի, էլ ոչինչ չեմ ցանկանա:

Մերի. Անկեղծ ասած՝ ամեն գիշեր քնելուց առաջ աղոթում եմ, որ բոլոր հիվանդ երեխաները բուժվեն, զինվորները խաղաղության մեջ ծառայեն, մեր բալիկները մեծանան կապույտ երկնքի ներքո: Եթե առողջ լինենք, ամեն ինչ մեր ձեռքերում կլինի, այնպես որ՝ առողջություն եմ մաղթում բոլորին:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE