«Նախընտրում եմ, որ դա լինի իմ եւ Ձմեռ պապի գաղտնիքը». Իջինը՝ NEWS.am STYLE-ի տոնական ֆոտոշարքում

12:08   4 հունվարի, 2018

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինն օրերս Հայաստանում էր: Իր կարճատեւ այցի ընթացքում սեքսուալ երգչուհին հանդիպեց նաեւ NEWS.am STYLE-ին, պատմեց Հայաստան կատարած իր այցի մասին, ինչպես նաեւ լուսանկարվեց մեր նոր ֆոտոշարքում: Ֆոտոշարքի բեքսթեյջը, տոնական լուսանկարներն ու Իջինը հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.

Իջին, Հայաստան էիր եկել աշխատանքի՞, թե՞ հանգստանալու համար:

Կարեւոր չէ՝ Հայաստան եմ գալիս աշխատելու, թե հանգստանալու, այստեղ միշտ ուրախություն եմ գտնում:  Ես կարողանում եմ համատեղել աշխատանքն ու այստեղ գտնվելու հաճույքը: Անպայման հանդիպում եմ հարազատներիս, զարմիկներիս, ընկերներիս…

Ինչպե՞ս նշեցիր Ամանորը:

Ամեն տարի Նոր տարին նշել ենք ընտանիքով, բայց այս անգամ որոշեցինք բացառություն անել: Սուրբ Ծնունդը կնշենք միասին, իսկ Նոր տարին քույրիկիս հետ նշեցինք՝ ընկերական շրջապատում, ծնողներս էլ իրենց մտերիմ ընկերների հետ նշեցին տոնը:

Սիրո՞ւմ ես Նոր տարին:

Ամանորն ինձ համար ամենասիրելի տոնն է: Սիրում եմ տոնի գեղեցկությոնը, Նոր տարվա շունչը՝ ինձ համար այն ամենապայծառ ու բարի տոնն է, որը միավորում է մարդկանց: Բոլորը նոր ծրագրեր են ստեղծում, նոր երազանքներ ունենում, սպասում հրաշքների: Ամեն տարին նոր շունչ է բերում իր հետ՝ բոլորի աչքերը փայլոմ են, իսկ դեմքին փայլում է ժպիտը:

Ո՞ր երգի հետ ես ասոցացնում Ամանորը:

Ամանորն ասոցացնում եմ Abba խմբի Happy New Year երգի հետ:

Հաճա՞խ ես Հայաստանում նշում Նոր տարին:

Մինչեւ 3 տարեկանն եմ այստեղ նշել Նոր տարին:

Շատերը Նոր տարին ասոցացնում են հրաշքների հետ. հավատո՞ւմ ես ամանորյա հրաշքներին:

Այո, այո, այո, իհարկե հավատում եմ: Ոչ միայն ամանորյա հրաշքներին եմ հավատում, դրանք ցանկացած օր էլ կարող են պատահել: Շատ կարեւոր է, որ մարդիկ հավատան իրենց երազանքներին, եւ ամեն ինչ կկատարվի: Սեփական փորձից ելնելով եմ ասում:

Ամփոփենք 2017 թ-ը. ինչպիսի՞ն էր այն քեզ համար:

Տարին լի էր հիանալի ու ճակատագրական, ինչպես նաեւ ուսուցողական իրադարձություններով: Չէի փոխի 2017-ի ոչ մի օր...

Ի՞նչ սպասելիքներ ունես 2018-ից:

Մենք բոլորս էլ մեծ հույսեր ենք կապում ցանկացած տարվա հետ: Գլխավորն այն է, որ մենք պաշտպանված լինենք վատ եւ բացասական բաներից:

Այս տարի ի՞նչ ես խնդրել Ձմեռ պապից:

Նախընտրում եմ, որ դա լինի իմ եւ Ձմեռ պապի գաղտնիքը:)

Ի՞նչ կմաղթես հայերին Նոր տարվա առթիվ:

Որքան հնարավոր է՝ բարին թող շատ լինի: Մաղթում եմ, որ բոլորի տներում տիրի սերն ու բարեկեցությունը:

Սյունե Առաքելյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան

Դիզայներ՝ Ջուլի Խանջյան

Նկարահանումն իրականացվել է Ibis հյուրանոցում



© NEWS.am STYLE