Ինչպես է փողն ազդում սեքսի, ուղեղի եւ երջանկության վրա

14:32   8 հունվարի, 2018

Հարուստները գրեթե լաց չեն լինում

Երկար ժամանակ հավաստի է համարվել, այսպես կոչված, «Իստերլինի պարադոքսը», որում ասվում է՝ չնայած ամեն ինչին, հարուստները աղքատներից ավելի երջանիկ են, իսկ հարուստ երկրները, ընդհանուր առմամբ, ավելի երջանիկ են, քան աղքատները:

Վերջերս այդ պարադոքսը հերքվել է տնտեսագետ Ջասթին Վոլֆերսի կողմից: Ավելի ուշադիր վերլուծության պարագայում պարզվել է, որ հարուստ երկրներում մարդիկ, ընդհանուր առմամբ, ավելի երջանիկ են, այսինքն՝ այն հարցին, թե «Արդյոք ձեզ երջանիկ եք համարում», մարդկանց մեծ քանակություն դրական պատասխան է տալիս:

Սակայն երջանկության հասկացությունն առաձգական է: Սովորաբար այն երկու տեսակի են բաժանում. ընդհանուր պատկերացում, որ կյանքը վատ չի դասավորվել եւ ամենօրյա զգացողություններ (այստեղ հարցն այլ կերպ է դրվում՝ «Արդյոք երեկ ես ինձ երջանիկ եմ զգացել»): Ինչ վերաբերում է երջանկության երկրորդ տեսակին, փողը դրանում դեր է խաղում, բայց սահմանափակ:

Տնտեսագետ Դանիել Կանեմանն ապացուցել է, որ առօրյա հաճույքի մակարդակն աճում է այնքան, մինչեւ որ մարդու եկամուտը գերազանցում է 75 հազար դոլարը, իսկ հետո կայունանում է եւ մնում նույնը: Եթե սկսեք 100 հազար դոլար վաստակել, ավելի երջանիկ չեք դառնա:

Կիսվելն օգտակար է

Փողը կարող է մարդուն երջանիկ դարձնել, բայց դրա համար անհրաժեշտ է այն խելքով ծախսել: Նախ` արժե գնել ոչ թե իրեր, այլ նոր փորձ: Լավագույնն այն կլինի, եթե դա կապված լինի այլ մարդկանց հետ, օրինակ, կարելի է ընկերների հետ մեկնել Նոր Գվինեա: Երկրորդ` մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, երբ փողը ոչ թե իրենց վրա են ծախսում, այլ` ուրիշների, որովհետեւ դա ամրացնում է նրանց կապն այլ մարդկանց հետ:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ դա մեր մեջ դրված է ի ծնե. նույնիսկ երկու տարեկան երեխաներն ուրախանում են, երբ կարող են ընկերոջ հետ խաղալ իրենց խաղալիքով:

Երրորդ` գնումից հաճույքն ավելի մեծ կլինի, եթե դուք հազվադեպ եք ինչ-որ բան գնում: Օրինակ` շոկոլադը ձեզ ավելի համեղ կթվա, եթե շաբաթը մի հատ գնեք, ոչ թե օրական երեք հատ:  Հաճույքն ուժեղանում է նաեւ սպասման շնորհիվ: Այնպես որ, ավելի լավ է` մի քանի ամիս փող կուտակել ֆոտոխցիկի համար, քան թե անմիջապես այն վարկով գնել:  Որեւէ իրի տիրապետելը ձեզ անպայման երջանիկ չի դարձնի: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բնակարան վարձակալող մարդիկ ավելի երջանիկ են, քան բնակարանատերերը: Եվ ավելի թանկ իրերը չեն մեծացնում ուրախությունը. պարզվում է, որ էժան մեքենա քշելը նույնքան հաճելի է, որքան` թանկարժեք:  

Փողը փչացնում է տրամադրությունը

Փողի հետ կապված վեճերն ամուսնալուծությունների հիմնական պատճառն են հանդիսանում: Փողի հետ կապված խնդիրները վատացնում են փոխըմբռնումը, ուժեղացնում են դեպրեսիան եւ հուզական խանգարումների են հանգեցնում:  Հետազոտությունները ցույց են տալիս, որ փողի մասին նույնիսկ պարզ միտքը մարդկանց հակասոցիալական պահվածքի է դրդում: Մի փորձարկման շրջանակում ուսանողների կեսին թղթադրամների լուսանկարներ են ցուցադրել, մյուսներին` փողի հետ կապ չունեցող լուսանկարներ, իսկ հետո նրանց առաջարկել են միանման առաջադրանքներ կատարել: Օրինակ` երբ նրանց խնդրել են նկարագրել մարդու, որի հետ նրանք քիչ առաջ խոսել են, առաջին խմբի ուսանողները ավելի հաճախ բացասական գծեր են մատնանշել: Նրանք ավելի հաճախ են հրաժարվել օգնել կողքին նստած մարդուն եւ իրենք էլ օգնություն չեն խնդրել: Նրանք հիմնականում ջանացել են հնարավորինս հեռու նստել խմբից եւ գերադասել են առաջադրանքները մենակ կատարել: Բարոյական արժեքների հետ կապված հարցերի պատասխանելիս  նրանք ավելի հաճախ են ընտրել այնպիսի պատասխաններ, որոնք ենթադրել են սոցիալական նորմերի խախտում՝ հանուն սեփական շահի:  

Հետազոտողներն այդ ազդեցությունը բացատրում են նրանով, որ փողը մարդկանց մոտ «դու` ինձ, ես` քեզ» հարաբերությունների եւ մրցակցության հետ կապված ասոցիացիաներ  է առաջացնում:  Առաջին խմբից այդ նույն ուսանողներն այնպիսի հատկանիշներ են դրսեւորել, ինչպիսիք են ջանասիրությունը, աշխատասիրությունը, եւ մեծ բարդության առաջադրանքներ կատարելիս ավելի լավ արդյունք են ցույց տվել: Ամեն դեպքում, փողը հրաշալի մոտիվատոր է: 

Հարուստներն ավելի լավ սեռական հարաբերություններ են ունենում

Պարզվում է, որ բոլորովին չարժե ծիծաղել ծեր միլիարդատերերի հետ ամուսնացող երիտասարդ մոդելների վրա: Նրանք գուցե ամուսնությունից ոչ միայն փող, այլեւ հաճույք են ստանում:  Էվոլյուցիոն կենսաբան Թոմաս Պոլետը վերլուծել է 5 հազար կնոջ սեռական կյանքը եւ այն եզրակացությանն է հանգել, որ ուղղակի կապ կա զուգընկերոջ եկամտի եւ այն սեռական բավարարվածության միջեւ, որ կինը ստանում է նրա հետ սեռական հարաբերությունից:  Այլ խոսքով, կանայք անհամեմատ ավելի հաճախ են օրգազմ ապրում հարուստ տղամարդկանց հետ: Պոլետի կարծիքով, դա կապված է այն բանի հետ, որ կինը բնազդորեն ավելի լավ զուգընկեր է փնտրում ցեղի շարունակության համար, իսկ եկամտի մակարդակը հաջող արուի առանցքային ցուցանիշներից մեկն է:  

Ինչ վերաբերում է տղամարդկանց, մեկ այլ հետազոտություն ցույց է տալիս, որ  այն տղամարդիկ, որոնք սեքսով են զբաղվում շաբաթվա ընթացքում առնվազն չորս անգամ, ավելի շատ են վաստակում, քան նրանց պակաս հաջողակ գործընկերները:  Հետազոտության հեղինակը համարում է, որ տղամարդու կյանքում բավարար քանակությամբ սեքսի առկայությունը բարձրացնում է նրա ինքնագնահատականը եւ ինքնավստահությունը, իսկ դա նրան ավելի արդյունավետ եւ ստեղծագործ աշխատակից է դարձնում: «Մարդիկ կարիք ունեն, որ սիրեն իրենց: Երբ դա չկա, նրանք իրենց միայնակ եւ տագնապած են զգում, իսկ դա ազդում է նրանց աշխատանքային կյանքի վրա», - ասում է նա:

Աղքատ մարդիկ ավելի բարի են

Հոգեբան Պոլ Պիֆը հետազոտում է, թե հարստությունն ինչպես է ազդում մարդկանց պահվածքի վրա, եւ նրա աշխատանքների արդյունքները հաստատում են ինտուիտիվ ենթադրությունները, որ փողը մարդկանց ավելի լավը չի դարձնում: «Որքան ավելի հարուստ է մարդը, այնքան հազվադեպ է նա կարեկցանք եւ համակրանք դրսեւորում այլ մարդկանց հանդեպ, եւ այնքան ավելի եսասիրական է նրա պահվածքը»,- ասում է նա: Հարուստ մարդիկ ավելի հազվադեպ են ողորմություն տալիս, ավելի հազվադեպ են կանգ առնում փողոցում ընկած անցորդին օգնելու համար: 

2010 թվականին Պիֆը հետազոտություն է կատարել, որում հարուստ եւ աղքատ մարդկանց առաջարկել է նկարագրել լուսանկարում պատկերված մարդկանց հույզերը:  «Աղքատները» հեշտությամբ նկարագրել են լուսանկարի մարդկանց վիճակը` դրանով  «հուզական ինտելեկտ» դրսեւորելով` իրեն այլ մարդու տեղը դնելով: Ապահովված մարդիկ  ավելի վատ են «կարդացել դիմագծերը»: Չնայած մարդիկ այնքան էլ զգայուն չեն, նրանց մոտ ավելի լավ են զարգացած մտածողական գործառույթները` ճիշտ որոշումներ կայացնելու կարողությունը, հիշողությունը եւ ուշադրությունը: 

Փողի պատճառով հիվանդություններ

Հոգեբանները փողի հետ կապված հոգեկան խանգարումների մի ամբողջ խումբ են առանձնացնում: Դրանց մասին հնարավոր է մանրամասն կարդալ Mind over Money գրքում, որտեղ խանգարումների չորս հիմնական տեսակ է մեջբերվում: Առաջինը ցանկությունն է` խուսափելու այն ամենից, ինչը կապ ունի փողի հետ: Նման մարդիկ հրաժարվում են մտածել ֆինանսական հարցերի մասին, նրանց դուր չի գալիս հաշվին փող ունենալը եւ նրանք ջանում են հնարավորինս արագ ազատվել դրանից: Ամենից հաճախ դա հատուկ է ցածր ինքնագնահատականով մանկամիտ մարդկանց:  

Խանգարման երկրորդ տեսակը կապված է գնման գործընթացից հաճույք ստանալու հետ: Նման մարդկանց մոտ հաճույքի դոպամին հորմոն է արտադրվում, երբ նրանք խանութում են: Գնումների սիրահարների համար փող ծախսելը սթրեսի եւ ընդհանուր տագնապի դեմ պայքարի միակ միջոցն է:  Խանգարման երրորդ տեսակը կապված է գնված իրերի կամ աշխատավարձի արժեքի մասին խաբելու ցանկության հետ: Չորրորդը` փող ծախսելու մոլագարական վախի եւ աշխատավարձի մեծ մասը սեւ օրվա համար պահելու հետ:    

Խնայողի հոգեբանություն

Պրոֆեսոր Ջորջ Լեւենշթայնն աշխատում է խնայողությամբ տարված մարդկանց հետ: Նրա դիտարկումների համաձայն, մարդկանց  25 տոկոսն իսկական ցավ է ապրում, երբ ստիպված է փող ծախսել: Նա հետաքրքիր փորձարկում է կատարել` հաշվարկելով ուղեղային ակտիվության ցուցանիշներն այն պահին, երբ մարդկանց ցույց են տվել այնպիսի բան, որը նրանք սիրում են  (օրինակ` շոկոլադ), իսկ հետո ցույց են տվել այդ ապրանքի արժեքը:  Շոկոլադի տեսքից մարդկանց մոտ ակտիվացել են ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հաճույքի հետ, իսկ գնի տեսքից` տհաճ հոտին կամ զզվելի իրերին հակազդեցության հետ կապված հատվածը:  Լեւենշթայնը խնայողության հակում ունեցող մարդկանց մի քանի տեսակի է բաժանում: Առաջինների համար իրոք ցավալի է բաժանվել փողից, երկրորդները ուրախություն են ապրում հաշվին փողի առկայությունից, երրորդները տարված են զեղչերով: 

Եվս մի հետաքրքիր հետազոտություն, որը նվիրված է մարդկանց` խնայելու հակմանը, պատկանում է տնտեսագետ Կիտ Չենին: Նա ենթադրում է, որ կան երկրներ, որոնց լեզուն իսկ կանխատրամադրում է փողը քիչ ծախսելու եւ կուտակելու: Նա լեզուները բաժանում է նրանց, որոնցում ներկան եւ ապառնի խստորեն տարանջատված են, եւ նրանց, որտեղ այդ երկու ժամանակը գործնականում անբաժան են:  Այսպես, օրինակ, հինդիում եւ չինարենում ապառնի եւ ներկա ժամանակները քերականորեն այնքան էլ չեն տարբերվում, եւ այդ երկրներում խստորեն զարգացած է փող հետ գցելու մշակույթը: Իսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հունաստանը, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն ընդհակառակը, սիրում են անմիջապես ծախսել վաստակած փողը, որովհետեւ մարդկանց համար շատ դժվար է  «ներկա ես»-ին կապել նրա հետ, ինչ իրենք կլինեն ապագայում:

Հոգեբան Պիտեր Կոլլետը փող կուտակելու անկարողությունը բացատրում է նաեւ նրանով, թե մարդիկ ինչպես են տեսնում իրենց «ապագա ես»-ը: Նա համարում է, որ մեր մեծամասնությունը ենթակա է, այսպես կոչված, սխալ լավատեսության. մենք հավատում ենք, որ մեր կյանքը մի օր անհամեմատ ավելի լավը կդառնա եւ կարիք չկա ինչ-որ բան ապագային թողնելու: 

 

Աղբյուրը` Ivona



© NEWS.am STYLE