«Ոսկե Գլոբուս 2018»-ում Օփրա Ուինֆրիի ելույթը պատմական են որակել

15:31   8 հունվարի, 2018

Շարունակում ենք վերլուծել այն ամենը, ինչ տեղի է ունեցել Լոս Անջելեսում կայացած՝ «Ոսկե Գլոբուս 2018» մրցանակաբաշխության արարողության ժամանակ:

Մենք արդեն ներկայացրել ենք հաղթողներին, նաեւ դիտարկել աստղերի կերպարները կարմիր գորգի վրա:
Նրանք ներկայացել էին սեւ զգեստներով՝  ի նշան Հոլիվուդում սեռական ոտնձգությունների դեմ:

Ի թիվս այլոց, մենք պետք է անպայման նշենք հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի ելույթը, ում հանձնվել է Սեսիլ Բ. դե Միլի անվան մրցանակը կինեմատոգրաֆում մեծ վաստակի համար:


Ուինֆրին իր զգացմունքային ելույթում հիշել է սեւամորթ կին Ռեսի Թեյլորին, որը 10 օր առաջ է մահացել: 1944 թվականին սպիտակամորթ տղամարդիկ նրան առեւանգել եւ բռնաբարել են: Հանցագործները նրան սպառնացել են սպանել, եթե տեղի ունեցածի մասին պատմի ոստիկանությանը: Չնայած նա հայտնել է հանցագործության մասին, բռնարարները պատասխանատվության չեն ենթարկվել, քանի որ Ջիմ Քրոուի դարաշրջանում, Ուինֆրիի խոսքով, արդարություն չկար: Հեռուստահաղորդավարուհին հպարտությամբ հայտարարել է, որ նման ժամանակներն, անկասկած, անցյալում են մնացել:


«Նա ապրել է այն պայմաններում, երբ աշխարհը հզոր տղամարդիկ էին կառավարում: Շատ երկար ժամանակ կանանց չէին հավատում, երբ նրանք պատմում էին տղամարդկանց մասին ամբողջ ճշմարտությունը: Բայց այդ ժամանակներն անցել են: Այսօր ես ցանկանում եմ մեծ շնորհակալություն հայտնել կանանց, որոնք վերապրել են դաժան վերաբերմունքի եւ նվաստացման տարիները, որովհետեւ նրանք, ինչպես եւ իմ մայրը, պետք է երեխաներին կերակրեին եւ հաշիվների դիմաց վճարեին: Մենք այդ կանանց անունները երբեք չենք իմանա: Նրանք հասարակ տնային տնեսուհիներ են, մատուցողուհիներ, ինժեներներ, բժիշկներ եւ գիտաշխատողներ: Նրանք բիզնեսի աշխարհի եւ քաղաքականության մի մասն են: Ես ցանկանում եմ, որ բոլոր աղջիկներն իմանան, որ հորիզոնում նոր օր է սկսվում: Եվ արշալույսը կբացվի միայն աներեւակայելի ու ուժեղ կանանց շնորհիվ, որոնք հիմա դահլիճում են: Ինչպես նաեւ տղամարդկանց շնորհիվ, որոնք պայքարում են հանուն այն բանի, որ կանայք առաջնորդներ դառնան, եւ ամեն ինչ արել են, որպեսզի այլեւս ոչ մեկը չասի՝ «Ես նույնպես սեռական բռնության եմ ենթարկվել»,- հայտարարել է Օփրան:



Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE