«Պայթյունավտանգ համար՝ առանց պայթյունի». Հասմիկ Շիրոյանի եվրատեսիլյան երգը հեղինակել են Դեմի Լովատոյի եւ Քելի Քլարքսոնի հետ աշխատած երգահանները

12:08   9 հունվարի, 2018

You & I/«Դու եւ ես»՝ այսպես է կոչվում Հասմիկ Շիրոյանի երգը, որով երգչուհին մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին: Հասմիկի երգը հեղինակել են համաշխարհային ճանաչում ունեցող երգահաններ, որոնք աշխատել են մի շարք աստղերի հետ, որոնց թվում են՝ Ջեյմս Արթուրը, Քելի Քլարքսոնը, Դեմի Լովատոն, Սիգալան, Քայլի Մինոգը եւ այլք:

Թե ինչի մասին է իր մրցութային երգն ու ինչպիսի ելույթ է սպասում հեռուստադիտողին, Հասմիկը պատմել է NEWS.am STYLE-ին:

«You & I երգն ամբողջությամբ անգլերենով է: Հեղինակները ցանկացել են գրել մի դրական ստեղծագործություն, որը հոգեհարազատ կլինի բոլոր ունկնդիրներին: Այն կենտրոնացած է այնպիսի հարաբերությունների վրա, որտեղ ամեն ինչ հնարավոր է: Այնտեղ շեշտադրվում է սիրո կարեւորությունը»,-նշում է երգչուհին՝ հավելելով.

«Ինձ համար մեծագույն պատիվ է այն փաստը, որ երգի ստեղծման համար համագործակցել եմ աշխարհին հայտնի երեք տաղանդավոր հեղինակների՝ Marli-ի, Neil-ի եւ Haj-ի հետ: Նրանք նախկինում համագործակցել են այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ջեյմս Արթուրը, Քելի Քլարքսոնը, Դեմի Լովատոն, Սիգալան, Քայլի Մինոգը... Մեր թիմային բանակցություններից եւ քննարկումներից հետո հասկացանք, որ այս երգը կարող է Հայաստանին հասցնել երաժշտական նոր մակարդակի: Կարծում եմ՝ իմ կողքին հրաշալի թիմ է ձեւավորվել, եւ մենք եվրատեսիլյան պատմության մեջ նոր էջ կարող ենք բացել Հայաստանի համար»:

Հասմիկի խոսքով՝ արդեն մտածել են, թե ինչ համար են ներկայացնելու «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում.

«Հիմնական միտքն արդեն կա: Աշխատում եմ աշխարհահռչակ բեմադրիչի հետ, որի անունը դեռ գաղտնի կպահեմ: Միասին փորձելու ենք իրականացնել հետաքրիր, էմոցիոնալ, պայթյունավտանգ համար, բայց առանց պայթյունի»,-կատակում է նա:

Երգչուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե մրցույթի մասնակիցներից ում է համարում իր գլխավոր մրցակիցը.

«Այս տարվա միցույթի ֆորմատը տարբերվում է անցյալ տարվանից: Կարծում եմ՝ որպես արտիստ բոլորն էլ ունեն հավասար շանսեր, ամեն բան կախված է երգից: Քանի որ ոչ մեկի երգը չեմ լսել, չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ շատ տաղանդավոր արտիստներ են մասնակցում: Մրցակցությունը թեժ է լինելու, բայց անելու եմ ամեն բան հաղթանակի համար»,-եզրափակեց երգչուհին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE