Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին

20:06   9 հունվարի, 2018

Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը Քայա Գերբերը հայտնվել է Vogue ամսագրի շապիկին: Աղջիկը մեկ անգամ արդեն հայտնվել է հանդեսի շապիկին 2016 թվականին, բայց այն ժամանակ մոդելը մենակ չէր լուսանկարում, այլ մոր՝ Սինդրի Քրոուֆորդի հետ:

Այս անգամ Քայան առաջին անգամ առանց Սինդիի է լինելու «նորաձևության ավետարանի» ֆրանսիական վարկածի առաջին էջում, ինչի մասին նա պատմել է այսօր իր երկրպագուներին: Պարզվում է, նա լուսանկարվել է ամսագրի փետրվարյան թողարկման համար:

Լուսանկարում 16-ամյա մոդելը Saint Laurent նորաձևության տան յուրօրինակ կարճ զգեստով է, որի վերևի հատվածը վարդագույն է և  բավականին լայն, իսկ ներքևի հատվածը՝ սև և կառուցվածքն ընդգծող: Մոդելի կերպարն ամբողջացնում են ջայլամի փետուրներով զարդարված բարձրաճիտ կոշիկները և երկրաչափական կառուցվածք ունեցող մեծ զարդերը:

«Ես սրա մասին միայն կարող էի երազել: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներգրավված են այդ շապիկը ստեղծելու գործում: Դուք ինձ աշխարհի ամենաերջանիկ մարդը դարձրեցիք»,- Instagram-ի իր էջում տեղադրած  լուսանկարի մեկնաբանության մեջ գրել է Գերբերը, ով դեռ նախորդ տարի դարձել էր նորաձևության շաբաթվա հերոսուհին:

Ի դեպ, Vogue–ի շապիկին հայտնվելով՝ Քայան առաջ անցավ իր մայրիկից, քանի որ դերասանուհուն առաջին անգամ 20 տարեկանում է բախտ վիճակվել այդ շապիկի հերոսուհին դառնալ, իսկ նրա դուստրն արդեն 16 տարեկանում նման հաջողություններ ունի:

Գերբերի մոդելային կարիերան ևս բավականին հաջող է ընթանում, անձնական կյանքում նույնպես աղջիկը երջանիկ է ու հաջողակ: Անցած տարեվերջին նրան մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, թե մոդելը սիրավեպ է սկսել Սինդի Քրոուֆորդի ընկերուհու՝ դերասանուհի Փեթսի Փալմերի որդու՝ Ֆենտոնի հետ:

 

 



© NEWS.am STYLE