«Ես հպարտ կլինեի, եթե Քլոե Քարդաշյանի հայրը լինեի». Օ․ Ջեյ Սիմփսոն

19:01   10 հունվարի, 2018

Այսօր ինչ-որ կարոտախտային ու ռետրո հոդվածների օր է։ Ընդ որում՝ բոլորը կապակցված են Քարդաշյան-Ջեներ գերդաստանի հետ։ Քենդալ Ջեները ներկայացել է 1920-ականների աղջկա կերպարով՝ V Magazine ամսագրի համար ֆոտոշարքում, Քրիս Ջեների նախկին բոյֆրենդը պատմել է Քիմ Քարդաշյանի մոր երիտասարդ տարիների ու հարստության և փառքի հանդեպ նրա սիրո մասին, իսկ հիմա Օ․ Ջեյ Սիմփսոնը հայտնել է, որ լուրերն այն մասին, որ Քլոե Քարդաշյանն իր դուստրն է, իրականությանը չեն համապատասխանում։

Եթե որևէ մեկը չգիտի, ասենք, որ ամերիկյան ֆուտբոլի հանրահայտ մարզիկ Օ․ Ջեյ Սիմփսոնը, որը հիմա 70 տարեկան է, ժամանակին եղել է Ռոբերտ Քարդաշյանի լավագույն ընկերը։ Ռոբերտն այն փաստաբաններից մեկն էր, որը պաշտպանել է Օ․ Ջեյին կրկնակի սպանության գործում։ ՆՖԼ-ի նախկին աստղին կասկածում էին կնոջ՝ Նիկոլ Բրաուն Սիմփսոնի ու նրա սիրեկանի՝ երիտասարդ սպա Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Մարզիկին այն ժամանակ արդարացրել էին, բայց դատավարությունից հետո Ռոբերտն այլև չի շարունակել մտերմությունը Սիմփսոնի հետ։

Երկար ժամանակ մամուլը գրում էր այն մասին, որ Քլոե Քարդաշյանը շատ նման է մարզիկին ու կասկածում էին, որ Քլոեն նրա դուստրն է՝ պնդելով, որ Օ․ Ջեյը կապ է ունեցել Քրիս Ջեների հետ, որի մասին Ռոբերտ Քարդաշյանը չգիտեր։ Իսկ Քարդաշյան- Ջեներ գերդաստան էլ, իբրև, ջանասիրաբար թաքցնում էր այդ գաղտնիքը։

70-ամյա Սիմփսոնին Լաս Վեգասում «բռնացրել են» TMZ -ի լրագրողներն ու հարցրել՝ արդյոք նա ուրախ է, որ Քլոեն շուտով երեխա կունենա։

«Ես սարսափելի ուրախ եմ Քլոեի համար: Ես ուրախ եմ Ռոբերտ Քարդաշյանի համար, թող խաղաղությամբ հանգչի նրա հոգին։ Քլոեն ու նրա քույրերը հրաշալի զավակներ են եղել ու դարձել են գեղեցիկ կանայք։ Բայց ես այդ ամենի հետ ոչ մի կապ չունեմ։ Ես հպարտ կլինեի լինել նրա հայրը, բայց դա այդպես չէ։ Թող աստված օրհնի նրանց բոլորին»,- պատասխանել է Օ․ Ջեյը։



© NEWS.am STYLE