«Շատ գեշ մի տղայի սեր խոստովանեցի, նա ուղղակի ծիծաղեց վրաս». Ջուսը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:02   11 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին երգչուհի Ջուսն է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք երգչուհի:

Երեւի 5 տարեկանում, երբ հաասկացա, որ ցանկանում եմ լինել բեմում՝ լույսերի ներքո, բարձրախոսը՝ ձեռքիս... եւ ինձ բարձր ծափահարեն:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Մայրիկիս:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Չորս տարեկանում մանկապարտեզում սիրահարվել էի կապուտաչյա Սերյոժային, սակայն նա ինձ չէր նկատում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Վեց տարեկանում շատ գեշ մի տղայի սեր խոստովանեցի, նա ուղղակի ծիծաղեց վրաս: Դրանից հետո ոչ մեկի էլ սեր չեմ խոստովանել: Հիմա հակառակն է՝ ինձ են սեր բացատրում:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

7-րդ դասարանում: Այնպիսի տղա էր սեր խոստովանել, որն ինձ բացարձակ չէր հետաքրքրում...

Առաջին հիասթափությունը...

Հենց մանկապարտեզում է եղել իմ առաջին հիասթափությունը, երբ իմ մանկական սերը մնաց անպատասխան:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Նայած՝ ինչ դժվարություն: Եթե երգեցողության մասին խոսենք, դա այն ժամանակ էր, երբ ես Էստրադային եւ ջազային արվեստի քոլեջում սկսեցի վոկալ պարապել, միշտ մտածում էի, որ չեմ ունենա հզոր ձայն: Բայց ժամանակի ընթացքում ամեն դժվարություն հաղթահարեցի՝ ինքս ինձ ապացուցելով, որ եթե շատ ցանկանամ, կհասնեմ իմ ուզած արդյունքին:

Ձեր առաջին երգը:

«Առվակ» խմբում երգում էի ռուսերենով մի երգ, կոչվում էր «Ёжик»: Հուզիչ մանկական երգ էր այն մասին, որ ուզում ես շոյել ոզնուն, բայց դա չի ստացվում, քանի որ մատիկներդ ծակծկում է…

Առաջին մեծ հաջողությունը:

Նույն «Առվակ» խմբով հրավեր ստացանք եւ գնացինք Մոսկվա՝ «Останкино» հեռուստատեսային կենտրոն եւ նկարահանվեցինք ամանորյա «Огонек» ծրագրում: Մեզ տեսավ ամբողջ Սովետական միությունը:

Ձեզ համար առաջնային է...

Պրոֆեսիոնալիզմը, ճշմարտությունը:

Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Դեռ չէ, ամեն ինչ գնում է իր հունով :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE