«Ոչնչից չվախենալ եւ առաջ նայել». «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Մարիամն իր երգի գլխավոր հաղորդագրության մասին

15:35   11 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել «Դեպի Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին: Մեր այսօրվա զրուցակիցը 26-ամյա Մարիամ Պետրոսյանն է: Մարիամը բնակվում է Երեւանում, ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, որից հետո կրթությունը շարունակել է Լոնդոնում՝ կրկին ընտրելով երաժշտական ուղղվածությունը: Երգչուհին ինքն էլ երգերի հեղինակ է, համագործակցում է տարբեր բենդերի եւ երաժիշտների հետ, որոնց թվում են Miqayel Voskanyan & Friends բենդն ու The Beautified Project-ը:

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասին Մարիամն իմացել է համացանցի միջոցով: Ծանոթանալով մրցույթի այս տարվա կանոններին՝ որոշել է անպայման մասնակցել.

«Մրցույթի անցկացման այս տարվա ձեւաչափն ինձ շատ դուր եկավ, քանի որ վերջապես հնարավորություն ընձեռվեց արտիստներին ներկայանալ իրենց սեփական երգերով: Ես էլ բացի երգչուհի լինելուց՝ նաեւ երգահան եմ: Շատ եմ սիրում ստեղծագործել ինքս ինձ համար»,-ասում է նա:

Մարիամի մրցութային երգն արդեն պատրաստ է, խոսքերն ու երաժշտությունն ինքն է գրել, իսկ գործիքավորումը կատարել է Նիկ Էգիբյանը:

«Երգի հիմնական մեսիջը մեզ բոլորիս տանջող, այս կամ այն բնույթի ներքին վախերից ձերբազատվելն է, գաղափարը հոգեկան ազատություն ձեռք բերելն է: Բնականաբար, այդ ամենը հնարավոր չէ անել առանց մեզ հարազատ ու սիրելի մարդկանց աջակցության: Այս երգի միջոցով ես դիմում եմ տվյալ անձին եւ խնդրում, որ նա ինձ մեկնի իր օգնության ձեռքը, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել դժվարությունը: Երգը կոչվում է Fade («Մարել»): Այս դեպքում դա վերաբերում է հենց իմ ներքին վախերին, երբ դրանք վերջնականապես մարում են, եւ ես հայտնվում եմ իմ երազած լուսավորության մեջ: Այսպիսով՝ երգն ունի բավականին դրական հաղորդագրություն՝ չնայած որոշ մելամաղձոտ տարրերի: Այս երգով ես կոչ եմ անում բոլորին ոչնչից չվախենալ եւ առաջ նայել»:

Մարիամը չի բացառում, որ մասնակիցներից շատերի ճանաչված լինելը կարող է շատ մեծ դեր խաղալ հաջողության հասնելու համար.

«Բացի միջազգային ժյուրիից՝ քվեարկելու է նաեւ հեռուստադիտողը, եւ տվյալ մասնակիցներն արդեն ունեն շատ ու շատ երկրպագուներ, ովքեր անխոս նվիրված կմնան իրենց սիրելի արտիստներին: Բայց այդ ամենը թողնելով մի կողմ՝ բոլորին մաղթում եմ անթերի ելույթ: Բոլոր մասնակիցներն էլ իրենց տեսակի մեջ շատ տաղանդավոր են: Կարծում եմ՝ բոլորիս հետաքրքիր շոու է սպասվելու»,-ասում է երգչուհին:

Ինչ վերաբերում է մրցույթից իր ակնկալիքներն՝ Մարիամը նշում է. «Անկեղծ լինեմ՝ պարզապես ուզում եմ շատ լավ ելույթ ունենալ: Իհարկե, բոլորն էլ ցականում են հաղթել եւ ներկայացնել Հայաստանն ու իրենց արվեստն այդ հրաշալի բեմի վրա, ես էլ բացառություն չեմ, բայց հիմա ես ամեն ինչ անում եմ, որպեսզի գեղեցիկ ելույթ մտածեմ հեռուստադիտողի համար: Հուսով եմ՝ շատերին դուր կգա»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մարիամի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE