Հոլիվուդյան ֆիլմ՝ հայ պրոդյուսերների կողմից. «Սպանել հանուն like-ի» կամ ողբերգություն բերող աղջիկները

18:02   12 հունվարի, 2018

Ինչեր ասես, որ չեն գրում բլոգերները՝ հանուն լայքերի եւ դիտումների: Գաղտնիք չէ, որ հազարավոր դիտումներ եւ հետեւորդներ կարող ես ձեռք բերել հատկապես սենսացիոն եւ սկանդակալային թեմաներ հրապարակեով՝ անկախ նրանից՝ լուրը ճշմարիտ է, թե ոչ:

Այն ֆիլմը, որն այսօր առաջարկում ենք դիտել, սարսափ ժանրի է, քանի որ ֆիլմի գլխավոր հերոսուհիները մոլագարներ են, որոնք հանուն like-ի դիմում են ծայրահեղ դաժան քայլերի, ինչի պատճառով տուժում են մարդկային կյանքեր:

Ի դեպ, այս ֆիլմն այսօրվա դիտման համար պատահական չենք ընտրել. բանն այն է, որ ֆիլմի պրոդյուսինգով զբաղվել են նաեւ մեր հայրենակիցներից երկուսը՝ Արմեն Աղեյանն ու Էդվարդ Մոխթարյանը:

Ռեժիսոր Թայլեր Մակինթայերի՝ «Սպանել հանուն like-ի»/Tragedy Girls ֆիլմը երկու աղջիկների՝ Մկայլայի եւ Սեդիի մասին է: Ավագ դպրոցի աշակերտուհիները տարված են սեփական բլոգով եւ ամեն ինչ անում են միլիոնավոր հետեւորդներ ձեռք բերելու համար: Լուսաբանելով քաղաքում տեղի ունեցող սպանության դեպքերից մեկը՝ ընկերուհիները հասկանում են, որ ընթերցողներին առավել հետաքրքրում են սարսափազդու պատմությունները, եւ որոշում են այնպես անել, որ քաղաքում հնարավորինս շատ լինեն սպանությունները: Նրանց հաջողվում է ծուղակը գցել իրական մարդասպանին, իսկ դաժան սպանությունները շարունակում են հենց իրենք՝ որպես թիրախ ընտրելով դպրոցի այն աշակերտներին եւ ուսուցիչներին, որոնք երբեւէ խնդիրներ են ունեցել իրենց հետ:

Աղջիկների բլոգն աստիճանաբար հավաքում է միլիոնավոր լայքեր, իսկ Մկայլան եւ Սեդին դառնում են դպրոցի ամենաազդեցիկ աշակերտուհիները: Կհաջողվի՞, արդյոք, ոստիկանությանը բացահայտել երկու ընկերուհիների մութ գաղտնիքները…

Ֆիլմը մեծ էկրաններին է հայտնվել 2017 թ-ի հոկտեմբերին: Գլխավոր դերերում հանդես են գալիս Ալեքսանդրա Շիփը, Բրիաննա Հիլդերբրենդը, Ջոշ Հաթչերսոնը, Քեւին Դուրանդը, Ջեք Քուեյդը եւ Նիկի Վելան:



© NEWS.am STYLE