«Եթե նա կարող է 75 000 դոլար ծախսել մի զգեստի վրա, ուրեմն կարող էր ֆինանսապես աջակցել հայրիկին». Մեգան Մարքլի քույրն անկեղծացել է

16:25   12 հունվարի, 2018

Արքայազն Հարիի հարսնացու Մեգան Մարքլի 53-ամյա քույրը՝ Սամանթա Մարքլը, հարցազրույց է տվել The Mirror պարբերականին՝ խոսելով իր եւ քրոջ հարաբերությունների մասին եւ ափսոսանք հայտնելով, որ իրենք արդեն 3 տարի է՝ չեն շփվում միմյանց հետ:

Սամանթան նաեւ խոստովանել է, որ չգիտի՝ արդյոք ամերիկացի դերասանուհին իրեն կհրավիրի՞ իր եւ արքայազն Հարիի հարսանիքին, թե՞ ոչ:

«Վերջին անգամ Մեգանի հետ զրուցել եմ 2014 կամ 2015 թ-ին, ստույգ չեմ հիշում: Նրա՝ ինձ ասած վերջին բառերն էին. «Քեզ շատ եմ սիրում, ուրախ եմ, որ այս խոսակցությունն ունեցանք, հուսամ՝ կապի մեջ կլինենք»: Բայց նրա զբաղվածության պատճառով կապ պահելը չստացվեց: Ինչեւէ, ես հպարտանում եմ նրանով»,-պարբերականին տված հարցազրույցում նշել է Սամանթան` հերքելով նաեւ այն խոսակցությունները, թե իր հեղինակած գիրքը, որն առաջիկայում պետք է լույս տեսնի, կոչվում է The Diary of Princess Pushy’s Sister/«Ագրեսիվ արքայադստեր քրոջ օրագիրը»:

«Ամեն ինչ հակառակն է, ես գրքում ցանկանում եմ ցույց տալ, որ նա լրիվ ուրիշ մարդ է»,-ասում է նա:

Սամանթան նաեւ պատմել է, որ Մեգանին խնդրել էր ֆինանսական աջակցություն ցույց տալ իրենց հորը՝ Թոմաս Մարքլին, սակայն իր իսկ խոսքով՝ դերասանուհուն այնքան էլ դուր չի եկել իր խնդրանքը:

«Գիտե՞ք՝ մենք փող չէինք խնդրում, պարզապես, հասկանալով, որ նրա գործերը հիմա լավ են, կարծում եմ նա պետք է օգներ հայրիկին նրա դպրոցի հարցերով: Եթե նա կարող է 75 000 դոլար ծախսել մի զգեստի վրա, ուրեմն կարող էր ֆինանսապես աջակցել նաեւ հայրիկին»:

Պարբերականը պարոն Մարքլից հետաքրքրվել է՝ արդյոք ինքն է Մեգանին ուղեկցելու պսակադրության ժամանակ, ինչին ի պատասխան՝ Մեգանի հայրը նշել է. «Ես շատ կցանկանայի, որ այդպես լիներ…»:

Սամանթան էլ հավելել է, որ ոչ ինքը, ոչ էլ հայրը չեն վիրավորվել արքայազն Հարիի այն դիտարկումից, թե «այսուհետ արքայական ընտանիքը Մեգանի կյանքում կփոխարինի այն ընտանիքին, որը նա երբեք չի ունեցել»:

«Նա միշտ էլ ունեցել է մի մեծ ընտանիք, որը սպասել է իրեն: Պարզապես, նա միշտ զբաղված է եղել»,-նշել է Սամանթան:



© NEWS.am STYLE