Ո՞վ կուղեկցի Մեգան Մարքլին դեպի խորան եւ ովքեր կլինեն հարսնաքույրերը. արքայազն Հարիի հարսնացուն խախտում է ավանդույթները

21:46   12 հունվարի, 2018

Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքի օրը մոտենում է (մայիսի 19), և համացանցում ավելի շատ մանրամասներ են հայտնվում նախատեսվող և, թերևս, այս տարվա ամենասպասված միջոցառման մասին:

Արևմտյան մամուլի տեղեկացմամբ՝ արդեն հայտնի է, թե 36-ամյա Մարքլին ով կուղեկցի մինչև խորան և ովքեր այդ օրը կներկայանան որպես հարսնացուի ընկերուհիներ:

Ըստ ավանդույթի՝ հարսնացուին մինչև եկեղեցու խորան պետք է ուղեկցի հայրը կամ եղբայրը: Սակայն Մեգանն այդ առաքելության համար ընտրել է մորը՝ Դորիա Ռագլանդին: Թե ինչու է նա այդպիսի որոշում կայացրել՝ չի մանրամասնվում: Հավանաբար, պատճառն այն է, որ Մեգանի և հոր՝ Թոմաս Մարքլի հարաբերութունները բավականին լարված են: Անգամ հայտնի չէ՝ ընդհանրապես նա ներկա կլինի՞ հարսանեկան արարողությանը, թեև պաշտոնապես Մեգանի հորը նույնպես հրավեր է ուղարկվել:

Հարսնացուի ընկերուհիների հարցում ևս Մեգանը որոշել է խախտել բրիտանական արքայական ընտանիքի ավանդույթը: Արքայազնի ընտրյալը, ինչպես ենթադրում են արևմտյան աղբյուրները, հարսնացուի ընկերուհիների դերի համար հնարավոր է՝ հրավիրի կանադացի ոճաբան Ջեսիկա Մալրունիին, ում հետ մտերմությունը վեց տարվա վաղեմություն ունի, Լինդսի Ռոտին, ով Մեգանի լավագույն ընկերուհին է, իր գործընկերուհիներ Պրիյանկա Չոպրային և Յանինա Գավանկարին, թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին և կամ փոքր արքայադուստր Շարլոտային՝ Հարիի զարմուհուն, բայց ոչ իր քրոջը, ինչպես որ ավանդույթն է պահանջում: Ինչպես բոլորին հայտնի է՝ Մեգանի և իր խորթ քրոջ՝ Սամանթա Գրանտի հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն:

Իսկ թե ում նախապատվությունը կտա արքայազնը խաչեղբոր դերի համար, հայտնի չէ: Ի դեպ, Reuters պարբերականը հաշվարկել է, թե Մեգան Մարքլի և արքայազն Հարիի հարսանիքը որքան գումարով կհարստացնի Մեծ Բրիտանիայի գանձարանը: Մոտավոր հաշվարկներով՝ այն կարժենա 680 մլն դոլար, որից 270 մլն-ը տուրիզմի ոլորտից կհավաքվի:

Աղբյուրը՝ Spletnik.ru

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE