«Սիրում եմ երես տալ ընկերուհիներիս». Օռլանդո Բլումը նշում է ծննդյան 41-ամյակը

13:36   13 հունվարի, 2018

Բրիտանացի հայտնի դերասան Օռլանդո Բլումն այսօր՝ հունվարի 13-ին, նշում է ծննդյան 41-ամյակը: Բլումը մեծ հաջողություն է գրանցել «Մատանիների տիրակալը» ֆիլմում նկարահանվելուց հետո, որին հաջորդել են ֆանտաստիկ ժանրի ֆիլմերում նորանոր դերեր: Նրա մասնակցությամբ մյուս հայտնի նախագծերն են՝ «Հոբիթ», «Կարիբյան ծովի ծովահենները» եւ «Տրոյա»-ն:

Հոլիվուդյան սրտակերը մամուլում հաճախ հայտնվում է նաեւ իր սիրավեպերի շնորհիվ: Ժամանակին Օռլանդոն հանդիպում էր դերասանուհի Քեյթ Բոսվորթի հետ, որից բաժանվելուց հետո ամուսնացել է մոդել Միրանդա Քերի հետ: Նրանք համատեղ կյանքից ունեն որդի: Սակայն 2013 թ-ին զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին: Դերասանին նաեւ սիրավեպ են վերագրել երգչուhի Քեթի Փերիի հետ: Թե ով կլինի հաջորդը, դժվար է կանխատեսել :) Առաջարկում ենք պարզապես ընթերցել գեղեցկադեմ դերասանի մտքերից մի քանիսը.

«Ես ուղղակի ուզում եմ ապրել գեղեցիկ եւ ուրախ»:

«Որոշ մարդիկ կարծում են, թե նոր զուգընկեր ունենալը նման է նոր ավտոմեքենա ունենալուն»:

«Կյանքը երբեմն այնպիսին չէ, ինչպիսին մենք էինք ծրագրել»:

«Ձախողումը պարզապես հաջողության բացակայությունն է»:

«Ես ցանկանում եմ այնպիսի աշխատանք կատարել, որը կունենա հաղորդագրություն եւ լույս կտարածի մթության մեջ: Բայց ես զվարճալի ֆիլմերում էլ եմ սիրով նկարահանվում»:

«Եթե կյանքը ներդաշնակություն չէ, ապա չգիտեմ, թե ինչ է»:

«Ես անհույս ռոմանտիկ եմ եւ ես սիրում եմ երես տալ ընկերուհիներիս»:

«Որպես դերասան՝ դու չպետք է մտածես անավարտ ֆիլմի հաջողության մասին: Դու պետք է ապրես տվյալ պահով եւ ամբողջ ուժերդ կենտրոնացնես աշխատանքիդ վրա»:

«Թռիչքների ժամանակ կրեք հարմարավետ հագուստ: Ես նախընտրում եմ հասարակ վերնաշապիկ եւ ջինսեր»:

«Մի շարք դժվարություններ պետք է հաղթահարես, որպեսզի սովորես, աճես ու դառնաս ավելի լավը»:



© NEWS.am STYLE