«Ուղիղ երկու ամիս է՝ չեմ քնել». մոդել Մարիկա Թունյանը՝ առաջնեկի եւ նրա անվան ընտրության մասին

13:25   15 հունվարի, 2018

Մարիկա Թունյանն արդեն երկու ամիս է, ինչ վայելում է մայրության բերկրանքը: Մոդելն ու ամուսինն իրենց առաջնեկին Գոռ են անվանել: Մինչ որդու լույս աշխարհ գալը Մարիկան ակտիվորեն շարունակում էր իր մոդալային գործունեությունը՝ լուսանկարվելով կատալոգների համար եւ փայլելով պոդիումի վրա:

NEWS.am STYLE-ը մոդելի հետ զրուցել է նորածին որդու, նոր զգացողությունների եւ աշխատանքային նոր գործունեության մասին:

Մարիկա, նախ՝ շնորհավորում եմ առաջնեկիդ լույս աշխարհ գալու առթիվ :) Կարո՞ղ ես հիշել, թե ինչ ապրումներ ունեցար նրան առաջին անգամ տեսնելով:

Անչափ շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Ապրումները նկարագրելն անհնար է: Այն պահին, երբ առաջին անգամ տեսնում եւ գրկում ես բալիկիդ, կարծես, առնչվում ես մեկ այլ իրականության հետ: Չգիտեմ՝ կոչեմ դա հեքիաթների աշխա՞րհ, թե՞ այլ բան :)

Փոքրիկին անվանեցիք Գոռ. ինչո՞վ էր պայմանավորված այդ անվան ընտրությունը:

Երկար ժամանակ չէինք կարողանում անուն ընտրել նրա համար: Այդ պրոցեսին մասնակցում էին ընտանիքի բոլոր անդամները, ինչպես նաեւ կոլեգաներս եւ ընկերներս: Շատ տարբերակներ կային, որոնց մի մասը շատ զվարճալի էր: Ամուսնուս՝ Ռուբենի հետ որոշեցինք, որ երբ ծնվի, կծանոթանանք եւ միանգամից կհասկանանք՝ ՈՎ է ծնվել: Եվ ծնվեց Գոռը :)

Շատ մայրեր նշում են, որ իրենց բալիկին մինչեւ ծնվելն էլ արդեն պատկերացնում են. դու հենց այդպիսի՞ն էիր Գոռին պատկերացնում:

Անկեղծ՝ ես ինձ մայրիկի դերում չէի պատկերացնում, մինչեւ չտեսա տղայիս :) Շատ ակտիվ էի ողջ հղիությանս ընթացքում, չէի հասցնում գիտակցել կարգավիճակս: Բայց երբ տեսա Գոռին, հասկացա, որ Աստծուց ավելին չէի էլ կարող խնդրել:

Ինչպիսի՞ն է Գոռը: Խելո՞ք է, թե՞, ամեն դեպքում, անքուն գիշերները շատ են լինում :)

Գոռը լուրջ տղա է, շատ է սիրում լինել ուշադրության կենտրոնում: Նա արդեն երկու ամսական է, եւ ես, կարելի է ասել, արդեն ուղիղ երկու ամիս չեմ քնել :)

Կարո՞ղ ես քեզ նկարագրել մայրանալուց առաջ եւ հիմա: Առօրյադ շա՞տ է փոխվել:

Իհարկե, առօրյաս փոխվել է, բայց ես ինձ ստիպում եմ լինել ակտիվ, դուրս գալ տանից, չնայած՝ դա բարդ է նորածին բալիկի հետ միասին, բայց բախտս բերել է՝ Գոռը սիրում է զբոսնել, հաճույքով ինձ հետ շրջում է մեքենայով, սալյակով եւ, իհարկե, ձեռքի վրա :) Նաեւ տանից դուրս գալ է ստիպում նորաստեղծ բիզնեսս, որը թեեւ առայժմ փոքր է, բայց ակտիվ զարգանում եւ ուշադրություն է պահանջում: Կարծում եմ՝ ժամանակակից կնոջ համար կարեւոր է աշխատանք ունենալը, զբաղած լինել թե տանը, թե տանից դուրս... Դա դժվար է առանց աջակցության: Իմ դեպքում ստացվում է, քանի որ ամուսինս ինձ աջակցում է, Գոռի տատիկներն ու պապիկները՝ նույնպես:

Ո՞ւմ է նման որդիդ՝ քե՞զ, թե՞ ամուսնուդ:

Նա ամեն օր է փոխվում: Երբ նոր էր ծնվել, հայրիկիս էր նման, այժմ Ռուբենին է նմանվել, բայց աչքերն իմն են :)

Քո եւ ամուսնուդ ո՞ր հատկանիշները կցանկանայիր, որ Գոռը ժառանգեր:

Կցանկանայի, որ ժառանգեր երկուսիս լավագույն կողմերը, ինչը հետագայում կերեւա: Գոռն ունի հայկական, ռուսական, ուկրաինական եւ վրացական արմատներ. պետք է, որ հետաքրքիր խառնուրդ ստացվի :)

Մարիկա, ինչպես ինքդ էլ նշեցիր՝ մինչեւ մայրանալն էլ ակտիվ գործունեություն էիր ծավալում՝ որպես մոդել, այժմ էլ նոր բիզնես ես սկսել: Արդյոք հիմա նույնքա՞ն ակտիվ ես շարունակելու քո մոդելային գործունեությունը, թե՞ այլ աշխատանքով ես զբաղվելու:

Իրոք, շատ ակտիվ էի: նույնիսկ հղիության 9-րդ ամսում մասնակցեցի ֆոտոնկարահանման՝ «Ապագա մայրիկ» կատալոգի համար, ինչպես նաեւ ընկերուհուս հետ սկսեցի MarTers Online Atelier նախագիծը, որով էլ այժմ ակտիվորեն զբաղվում եմ: Ինչ վերաբերում է պոդիումին՝ այնտեղ պատրաստվում եմ վերադառնալ գարնանը, սակայն, բնականաբար, ոչ նույն ակտիությամբ: 16 տարի մոդելային ակտիվ գործունեությունից հետո այժմ ինձ ավելի հաճախ կտեսնեք դեֆիլեի մասնագետի՝ խորեոգրաֆի դերում:

Սյունե Առաքելյան 



© NEWS.am STYLE