«Անգամ լոգանք ընդունելիս եւ զուգարանում էի խաղում». 34-ամյա կինը Candy Crush-ի պատճառով կորցրել է սիրելիին ու աշխատանքը

21:32   15 հունվարի, 2018

34-ամյա Նատաշա Ուոլսլիմը համակարգչային հայտնի՝ Candy Crush խաղի մոլի երկրպագուներից է: Նատաշան խաղին ծանոթացել է չորս տարի առաջ, երբ ընկերներից մեկը Facebook սոցիալական ցանցում նրան խաղալու առաջարկ էր ուղարկել: Կինը խոստովանում է, որ երբ առաջին անգամ սկսեց խաղալ, չէր էլ կարող պատկերացնել, թե ինչ հետեւանքներ այն կարող է առաջացնել: Նատաշայի մոտ աննորմալ կախվածություն է առաջացել խաղի հանդեպ, որից նա տարիներ շարունակ չի կարողացել ձերբազատվել, ինչի պատճառով նրանից հեռացել է ընկերը, նրան հեռացրել են աշխատանքից, եւ նա մեծ պարտքեր է կուտակել:

«Լինում էին օրեր, երբ ես օրը 18 ժամ այդ խաղն էի խաղում: Անգամ այն փաստը, որ երեխայիս հայրն ինձ լքեց, ինձ համար դաս չեղավ: Քանի որ խաղն իմ բջջայինում կար, ես այն անդադար խաղում էի՝ թե աշխատանքի ժամանակ, թե երեխային դպրոց տանելիս, թե լոգանք ընդունելիս, եւ թե զուգարանում: Երբեմն երեխայիս մոռանում էի դպրոցից վերցնել, քանի որ չէի նկատում, թե ինչպես է անցնում ժամանակը: Եղել է, երբ ինձ հատուկ զանգահարել են, որպեսզի գնամ Թայլորին տուն բերեմ: Անգամ սուպերմարկետում իմ աշխատանքը կորցրեցի, երբ տնօրենը նկատեց, թե որքան եմ տարված այդ խաղով: Բայց այդ ժամանակ դա ինձ ոչ մի գրամ չհուզեց»,-խոստովանում է կինը՝ հավելելով, որ մի քանի ամիս շարունակ մազերն անգամ չի լվացել խաղալու պատճառով: Երբեմն էլ Նատաշան գիշերվա կեսին էր արթնանում եւ շարունակում խաղալ:

Ըստ բժիշկների՝ համակարգչայի խաղերից կախվածությունը եւս հիվանդություն է, այնպիսին, ինչպիսին թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածության դեպքում է: Նկատելով դստեր կյանքի անհաջողությունները՝ Նատաշայի մայրը դիմում է բժիշկի: Այժմ Նատաշան բուժմամ կուրս է անցնում:

«Հիմա եմ հասկանում, թե որքան ցավալի է, որ սիրելիս այլեւս չի ցանկանում ինձ մոտ վերադառնալ: Այժմ էլ երբեմն գիշերվա ժամերին արթնանում եմ խաղալու մոլուցքով, բայց հենց նման բան է լինում, անմիջապես զանգահարում եմ բժիշկիս, եւ մենք այնքան ենք զրուցում, մինչեւ նա ինձ համոզում է չխաղալ: Գիտեմ, որ իմ կյանքն առայժմ առաջվանը չէ, բայց ես ամեն ինչ անում եմ փոխվելու եւ երեխայիս ավելի շատ ժամանակ տրամադրելու համար»,-ասում է նա:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE