Քարլ Լագերֆելդն ու Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը հագուստի համատեղ հավաքածու են թողարկելու

19:10   16 հունվարի, 2018

Քարլ Լագերֆելդն ու Սինդի Քրոուֆորդի 16-ամյա դուստրը՝ Քայա Գերբերը  թողարկելու են Karl Lagerfeld x Kaia  հագուստի համատեղ հավաքածուն, հայտնում է Daily Mail-ը։

Քարլի ու Chanel ապրանքանիշի նոր մուսայի համատեղ աշխատանքի արդյունքը մենք կկարողանանք տեսնել արդեն այս տարվա աշնանը։ Հավաքածուն ներառելու է կոշիկ, ոսկերչական զարդեր ու արևային ակնոցներ։

Սինդի Քրոուֆորդի դուստրն անցած տարի բարձրացել է Նորաձևության բոլոր շաբաթների գրեթե բոլոր պոդիումներ ու բազմաթիվ պարբերականների կողմից ճանաչվել է 2017-ի առաջատար մոդել։

«Երբ Քարլն առաջին անգամ մեզ պատմեց Քայայի հետ համատեղ հավաքածու ստեղծելու իր մտահղացման մասին, մենք հիացանք՝ պատկերացնելով այն անհավանական ներուժն ու կարողությունները, որոնք այդ երկուսը կարող են ներդնել իրենց աշխատանքի մեջ։ Մենք վերջին մի քանի ամիսներին շատ ենք աշխատել Քայայի հետ  Լոս Անջելեսում ու Փարիզում։ Շատ հետաքրքիր էր հետևել աշխատանքի հանդեպ նրա կրքոտ ու պատասխանատու մոտեցմանը։ Հավաքածուն, անկասկած, կոգեշնչի բազմաթիվ կանանց»,- պատմել է  Պիեր Պաոլո Ռիգին, Karl Lagerfeld ապրանքանիշի գլխավոր տնօրենը։

 



© NEWS.am STYLE