Ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ քնի քրոնիկական պակասը

20:15   21 հունվարի, 2018

Եթե տևական ժամանակով խախտվում է Մորփեոսի գրկում ութժամյա հանգիստը, ապա մարդու օրգանիզմոմ որոշակի տեղաշարժեր և փոփոխություններ են լինում, ինչն էլ նպաստում է տարբեր հիվանդությունների առաջացմանը:

Քնի քրոնիկական պակասը կարող է լուրջ հետևանքներ ունենալու մարդու օրգանիզմի համար՝ չհաշված, որ դա նպաստում է վաղաժամ ծերացմանը, և մարդը մշտապես հոգնած ու հյուծված տեսք է ունենում: Բայց անքուն կամ կիսաքուն գիշերների վատ հետևանքները թվարկենք հերթականությամբ:

Գունատ և թորշոմած մաշկ

Գեղեցկության և երիտասարդության ապահովման պարագաների արտադրությունը պարբերաբար կանանց է ներկայացնում կոսմետիկական միջոցներ, որոնք, արտադրողների հավաստիացմամբ, ի վիճակի են շատ կարճ ժամանակում և տևականորեն դեմքից ջնջել հոգնածության և ծերության նշանները: Սակայն ոչ մի հրաշք միջոց չի կարող փոխարինել լիարժեք քնին:

Ստոկհոլմի Կարոլինի ինստիտուտի գիտնականները կամավորներին երկու օր անընդմեջ արգելել են չորս ժամից ավելի քնել՝ փորձելով պարզել քնի նկատմամբ անտարբեր վերաբերմունքի հետևանքները մարդու արտաքինի վրա: Առավոտյան նրանք լուսանկարել են փորձարկման մասնակիցներին և դրանք, ինչպես նաև լիարժեք քնած մարդկանց լուսանկարները ցույց են տվել Ստոկհոլմի պատահական անցորդներին: Արդյունքները բավականին կանխատեսելի էին: Այն մարդիկ, ովքեր միայն չորս ժամ էին կարողացել քնել, ըստ անցորդների՝ անառողջ տեսք ունեին և նրանց դժվար էր գեղեցիկ ու հրապուրիչ համարել:

Պատճառը ոչ միայն աչքերի տակ առաջացած սև շրջանակներն ու այտուցներն էին, այլև մարդու դեմքի մաշկը: Քնի պակասն անմիջականորեն անդրադառնում է մարդու մաշկի վրա: Քանի դեռ մենք արթուն ենք, մաշկի ամբողջ գործառույթը շրջակա միջավայրի վնասակար ազդեցություններից պաշտպանվելն է: Իսկ քնի ժամանակ դրանում ինքնավերականգնման գործընթացներ են սկսվում՝ լավանում է նյութափոխանակությունը, բջիջները վերականգնվում են և ավելի է խթանվում կոլագենի արտադրությունը, ինչը խոչընդոտում է կնճիռների առաջացմանը: Իսկ երբ մարդը չի քնում կամ կարճատև է քնում, ապա այդ գործընթացները կամ չեն կատարվում կամ դանդաղ ու թերի են կատարվում, և մաշկը չի հասցնում վերականգնվել, թորշոմում է ու վաղաժամ ծերանում:

Ավելորդ քաշ

Քնի պակասը սթրես է օրգանիզմի համար: Եվ վտանգ տեսնելով՝ այն անմիջապես միջոցներ է ձեռնարկում՝ դանդաղեցնելով նյութափոխանակությունը, ինչը դժվար թե ուրախացնի որևէ մեկին: Դա կարող է նպաստել անցանկալի կիլոգրամների ավելացմանը:

Քնի պակասը նաև խթանում է ախորժակը, մարդը պարբերաբար ուտելու ցանկություն է ունենում: Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները հաշվակել են, որ անքուն գիշերվա պատճառով հաջոդ օրը մարդը 385 կկալ-ով ավելացնում է իր սննդակարգը, իսկ դա բոլորի համար չէ, որ կարող է  անհետևանք մնալ:

Քնի պակասը նաև խախտում է քաղցի և հագեցվածության զգացում առաջացնող հորմոնների հավասարակշռությունը, ինչի պատճառով հաճախ մարդը շատակեր ու ամենակեր է դառնում:

Համակարգային հիվանդություններ

Արտաքինի հետ կապված խնդիրներից բացի՝ ոչ լիարժեք քունն օրգանիզմում համակարգային խանգարումներ է առաջացնում: Մասնագետների հավաստիացմամբ՝ որոշ դեպքերում այն կարող է նպաստել աթերոսկլերոզի զարգացմանը: Քրոնիկական անքնությամբ տառապող մարդկանց մոտ խոլեստերինի շրջանառության համար պատասխանատու գեները թերի են աշխատում, և այն կուտակվում է անոթներում՝ խցանելով և նեղացնելով դրանք:

Իսկ Բոստոնցի մի խումբ գիտնականներ պարզել են, որ առավելագույնը 5 ժամ քնող մարդկանց մոտ նվազում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը, ինչը հետագայում կարող է շաքարային դիաբետի առաջացման հանգեցնել:

Ապացուցված է, որ քնի պակասը ցածրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը տարբեր հարուցիչների ու հիվանդագին ազդակների նկատմամբ: Որոշ հետազոտությունների արդյունքների տվյալներով՝ թերի քունն ուղղակի կապ ունի դեպրեսիաների առաջացման և բարձր ճնշման հետ:

Ծույլ ուղեղ

Քրոնիկական անքնությունից, սակայն, ամենաշատը տուժում է ուղեղը: Վերջերս բավականին մեծ քննարկում էր ծավալվել Իտալիայի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների աշխատանքի շուրջ: Գիտնականներն ապացուցել են, որ կարճատև և ոչ լիարժեք քնի դեպքում խախտվում է ուղեղի մաքրման, բեռնաթափման բնականոն գործընթացը: Հատուկ բջիջները՝ նեյրոգլիները, քնի ժամանակ ոչնչացնում են վնասված նեյրոնները՝ լավացնելով ուղեղի աշխատանքը: Եթե մարդը լիարժեք չի քնում, ապա նեյրոգլիները սկսում են ոչնչացնել առողջ բջիջները: Իսկ դա կոգնիտիվ խանգարումներ է առաջացնում՝ հիշողությունը թուլանում է, դանդաղում են արտաքին ազդակներին արձագանքելու, տեղեկատվությունը յուրացնելու ունակությունները:

Մարդն ինքը կարող է և չզգալ այդ փոփոխությունները և ժամանակին չարձագանքել: Փենսիլվանիայի համալսարանի մի խումբ գիտնականներ ապացուցել են, որ այն կամավորների մոտ, որոնց արհեստականորեն թույլ չեն տվել երկար քնել, կոգնիտիվ ցուցիչների զգալիորեն նվազում է նկատվել, սակայն իրենք հաճախ դա չեն գիտակցել և վերահսկել: Օրինակ, մարդը կարող է հանուն աշխատանքի զոհել քունը, բայց հետո չնկատել, որ դրա պատճառով սկսել է ավելի վատ աշխատել:

Ո՞րն է ելքը, ինչպե՞ս կարելի է խուսափել քնի քրոնիկական պակասի հետևանքով առաջացող տհաճություններից ու հիվանդություններից:

Նախ՝ հարկավոր է հաշտվել այն մտքի հետ, որ միանգամից հնարավոր չէ բոլոր գործերն անել և դրանց մի մասը կարելի է հետաձգել առավոտյան:

Ձեզ համար ցերեկվա աշխատանքային և առույգության լավագույն ժամեր սահմանեք և աշխատեք չխախտել այն: Կարծիք կա, թե կարևոր չէ քանի ժամ է մարդը քնում, կարևոր են քնի ժամերը: 22:00-04:00-ն ընկած ժամանակահատվածում վեցժամյա քունն առավել արդյունավետ է, քան 02:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում ինը ժամ քնելը:

Բնակարանում աշխատանքի և քնի տարածքները պետք է առանձին լինեն: Գիտնականները խորհուրդ են տալիս ննջարանն օգտագոծել միայն քնելու համար: Հեռուստացույցն այնտեղ անթույլատրելի իր է: Հարկավոր է սենյակում քնի համար նպաստավոր պայմաններ ստեղծել՝ ապահովել լիարժեք մթություն և լռություն, ինչպես նաև հարմարավետ ջերմաստիճան պահպանել՝ ոչ շատ սառը և ոչ էլ շատ տաք:

Քունը կարգավորելուն օգնում է ֆիզիկական ակտիվությունը, իսկ ահա շատակերությունը կարող է նպաստել անքնության: Երեկոյան 7-ի, 8-ի սահմաններում նյութափոխանակությունը դանդաղում է: Ուշ ժամին սնվելը, ինչպես նաև առատ ընթրիքը խթանում են ստամոքսի և աղիների աշխատանքը՝ թույլ չտալով, որ օրգանիզմը լիարժեք հանգստանա:

Քնի հետ խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օրվա երկրորդ կեսից սկսած հրաժարվել կոֆեին պարունակող ըմպելիքներից, իսկ քնելուց մեկ ժամ առաջ ապրել առանց հեռուստացույցի և համակարգիչների:

Աղբյուրը՝ wday.ru

 



© NEWS.am STYLE