Ի՞նչ նվեր է ստացել Մեգան Մարքլը արքայական ընտանիքի երկրպագուներից

21:09   18 հունվարի, 2018

Ամեն տարի Բուքինգհեմյան պալատը հանրայնացնում է այն նվերների ցուցակը, որոնք ընծայվել են բրիտանական արքայական տան անդամներին: Այս տարվա ցուցակում նվերների հասցեատերերի շարքում հայտնվել է նաև Մեգան Մարքլի անունը, որը դեռևս արքայական ընտանիքի անդամ չէ, սակայն արդեն իրավունք ունի նվերներ ընդունելու:

Նրա ստացած առաջին պաշտոնական նվերը խոհանոցի գոգնոց է, որը երկրպագուները փոխանցել էին արքայազն Ուիլյամին, երբ նա նոյեմբերի վերջին Ֆինլանդիայում էր գտնվում: Հենց այդ ժամանակ էլ պաշտոնապես հայտարարվել էր նրա կրտսեր եղբոր և Մեգանի նշանադրության մասին: Եվ երկրպագուները շտապել էին շնորհավորել արքայական տան հարսնացուին:

Ընկերների և ծանոթների հավաստիացմամբ՝ Մեգանը շատ է սիրում խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստել: Դա նրա սիրելի նախասիրություններից մեկն է: Թերևս հենց այդ պատճառով էլ նվերի ընտրությունը կանգ էր առել գոգնոցի վրա: 

Ի դեպ, Հարին Մեգանին ամուսնության առաջարկություն է արել հենց այն ժամանակ, երբ նրանք արքայազնի՝ նոթինգհեմյան առանձնատանը հավի ճուտ էին տապակում:

Արքայազն Հարիին ընծայված նվերները մեկով չեն սահմանափակվում: Նրան ևս թե խորհրդանշական և թե իր նախասիրությունների հետ կապված նվերներ են շնորհվել՝ ինդոնեզիական և մալազիական մարտարվեստով զբաղվելու համար նախատեսված մարզական համազգեստ, գրիչ, սուրճի համար նախատեսված բաժակ, փափուկ խաղալիքներ, ծաղկաման, լուսարձակ, ձեռքի ժամացույց, երկու բաճկոն, բեյսբոլի գլխարկ և այլն:



© NEWS.am STYLE