Վուդի Ալենի հոգեզավակը զարհուրելի մանրամասներ է ներկայացրել ռեժիսորի սեռական ոտնձգությունների մասին

00:15   19 հունվարի, 2018

82-ամյա Վուդի Ալենի հոգեզավակը՝ Դիլան Ֆերոուն, հանրությանը նոր մանրամասներ է ներկայացրել իր նկատմամբ խորթ հոր սեռական ոտնձգությունների մասին: Մինչ այդ 32-ամյա Դիլանը պատմել էր, որ հայրը բռնաբարել է իրեն, երբ նա դեռ յոթ տարեկան էր: CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում նա զարհուրելի մանրամասներով պատմել է, թե ինչ է տեղի ունեցել իր և Վուդի Ալենի միջև 25 տարի առաջ:

«Ամեն ինչ տեղի ունեցավ մորս՝ Կոնեկտիկուտում գտնվող ամառանոցում: Նա ինձնից պահանջեց պառկել փորի վրա և խաղալ եղբորս գնացքով: Մինչ ես խաղում էի, հայրս իր սեռական կարիքներն էր բավարարում: Նա ձեռքերով իմ սեռական օրգաններին էր դիպչում»,- մանրամասնել է ռեժիսորի հոգեզավակը:

Դիլանն իր զարմանքն է հայտնել, որ մարդիկ ավելի շատ հավատում են այն մտքին, թե մայրն  է իրեն Վուդիի դեմ լարել և «լվացել» աղջկա ուղեղը, քան իր պատմածներին:

«Մայրս միշտ սատարել է ինձ և հորդորել ճշմարտությունը պատմել: Նա երբեք ոչինչ չի հորինել ինձ համար և չի պարտադրել պատմել այն, ինչ իրականությանը չի համապատասխանում», - հավելել է Դիլանը:

Ինչ վերաբերում է դերասաններին, ովքեր դեռ շարունակում են համագործակցել Ալենի հետ, Դիլանը հայտնել է, որ նրանց չի դատապարտում:

«Ես հույս ունեմ, որ այն բանից հետո, երբ աստղերից շատերը դարձան Me Too և Time's Up շարժման մասնակիցներ, նրանք հասկացան, որ պատասխանատվություն են կրում սեռական բռնություններից տուժողներին լռության դրդելու համար: Ես արդեն 20 տարի շարունակ բարձրաձայնում եմ այդ մասին, բայց ինձ պարբերապար արհամարհում և լռեցնում են: Եթե հասարակությունն ի վիճակի չէ հասկանալու նման սարսափը վերապրածներից մեկին, ապա ինչպես նրանք կարող են մյուսներին սատարել»:

Օսկարակիր ռեժիսորը հերքել է հոգեզավակի նոր մեղադրանքները, ինչի մասին տեղեկացնում CBS-ը:

Հեռուստաալիքի լրագրողը հիշեցրել է, որ նույն մեղադրաքները Վուդի Ալենի դուստրը հնչեցրել է նաև 2014 թվականին, որից հետո ռեժիսորն անմիջապես դրանք հերքող հայտարարություն է արել:

«Չնայած նրան, որ Ֆերոուների ընտանիքը ցինիկորեն օգտագործում է Time's Up շարժման ընձեռած հնարավորությունը՝ սեռական բռնությունների մասին խոսելու և դրանք դատապարտելու համար, այնուամենայնիվ այդ ստահոդ մեղադրանքներն անգամ շարժման առկայությունը ճշմարտանման չի դարձնում: Ես երբեք դստերս նկատմամբ սեռական բռնություն կամ ոտնձգություն չեմ կիրառել, ինչն ապացուցվել է դեռ քառորդ դար առաջ՝ այս գործով երկու անգամ նախաձեռնված հետաքննությունների արդյունքում»-, Վուդի Ալենի հայտարարությունը մեջբերել է հեռուստաալիքը:  

 



© NEWS.am STYLE