Արկածներ, սպանություններ ու կիրք․ համացանցում է հայտնվել «Tomb Raider․ Լարա Քրոֆթ» ֆիլմի թրեյլերը

14:31   19 հունվարի, 2018

Համացանցում հայտնվել է «Tomb Raider․ Լարա Քրոֆթ» ֆիլմի նոր թրեյլերը, որի գլխավոր դերակատարը Ալիսիա Վիքանդերն է։ Warner Bros. Pictures ընկերության Youtube-ի ալիքում հրապարակվել է ֆիլմի երկրորդ պաշտոնական թրեյլերը, իսկ ֆիլմն էկրաններին հայտնվելու է մարտի 15-ին։

Ըստ սյուժեի՝ հանրահայտ հնագետի դուստր Լարա Քրոֆթը գնում է որոնելու իր հորը։ Ֆիլմը պատմում է Լարա Քրոֆթի առաջին գիտարշավի մասին. 21-ամյա Քրոֆթը վերջերս է ավարտել վարժարանը ու մտադիր է բացահայտել, թե ինչ հանգամանքներում է 7 տարի առաջ անհետացել իր հայրը՝ հայտնի հնագետը։ Այդ նպատակով նա գնում է խորհրդավոր կղզի, որը Ճապոնիայի ափերի մոտակայքում է գտնվում։ Այնտեղ հերոսուհին առաջին անգամ բախվում է այնպիսի հանգամանքների, որոնք ոչ միայն չեն սպանի նրան, այլև ավելի ուժեղ կդարձնեն ու կփառավորեն նրա անունը։

Ալիսիա Վիքանդերի հետ միասին ֆիլմում նկարահանվել են՝ Դոմինիկ Ուեսթը, Հաննա Ջոն Քեյմենը ու Նիք Ֆրոսթը։

Մարտաֆիլմի ռեժիսորն է Ռոար Ութհաուգը։

 



© NEWS.am STYLE