«Ինձ մրցակից համարում եմ բոլոր 19 արտիստներին». «Դեպի Եվրատեսիլի» մասնակից Արման Մեսրոպյան

15:14   19 հունվարի, 2018

«Դեպի Եվրատեսիլ» մրցույթի բոլոր 20 մասնակիցների երգերն արդեն հասանելի են համացանցում: Մինչ բուն մրցույթի մեկնարկը, NEWS.am STYLE-ը շարունակում է բացահայտել նախագծի մասնակիցներին: Մեր այսօրվա զրուցակիցը մասնագիտությամբ ծրագրավորող Արման Մեսրոպյանն է, որը մրցույթին ներկայանալու է Վահրամ Յանիկյանի հեղինակած What You Hide երգով:

Խոսելով իր մասին՝ երիտասարդ կատարողը նշում է, որ սպորտի մեծ սիրահար է, մասնավորապես շատ է սիրում ֆուտբոլ. Հայաստանում Real Madrid-ի ֆան ակումբի պաշտոնական անդամ է:

Ինչ վերաբերում է «Դեպի Եվրատեսիլին»՝ Արմանն այն շատ տրամադրող եւ հետաքրքիր է համարում. «Իմ եւ մտերիմ ընկերոջս նախաձեռնությամբ որոշեցինք այս եվրատեսիլյան շունչ ունեցող երգը ներկայացնել մրցույթին»,-ասում է նա՝ հավելելով, որ մրցույթի կանոններում տեղ ունեցած փոփոխոթյուններն իր կարծիքով ե՛ւ դրական կողմեր ունեն, ե՛ւ բացասական.

«Դրական է այն առումով, որ երգերը հասանելի կլինեն հանությանը: Մարդիկ կկարողանան իրենց նախընտրած երգն ուղարկել «Եվրատեսիլ», իսկ բացասական կողմն, իմ կարծիքով, սահմանափակ ընտրությունն է: Ընտրում է նաեւ ժյուրին, որն, իհարկե, բաղկացած է պրոֆեսիոնալներից, բայց հանրային ընտրությունն, ինձ թվում է, ավելի ճիշտ է: Միգուցե հենց այս տարի մենք կկարողանանք հաղթել, եւ չի լինի այն մշտապես կրկնվող խոսակցությունը, թե այս կամ այն մասնակցին էր պետք ուղարկել, հիմա հնարավորությունը բոլորի ձեռքերում է»:

Երգիչն իր մասնագիտական ձեռքբերումներից է համարում տարբեր մրցութային բեմերում ներկայանալը.

«Մասնակցել եմ բազմաթիվ մրցույթների, օրինակ՝ անցած տարվա ամռանը կայացած «Славянский Базар» մրցույթին, որտեղ ներկայացրել եմ մեր երկիրը: Ամեն նոր բեմ ինքնին մարտահրավեր է կատարողի համար, եւ հուզմունքը միշտ կա, բայց տարված աշխատանքը եւ անցած ճանապարհը ստիպում են լինել ավելի վստահ եւ կարողանալ տվյալ պահին ներկայանալ հնարավորությունների մաքսիմալ չափով»,-կարծում է նա:

Խոսելով իր մրցութային երգի մասին՝ Արմանն ասում է.

«Իրականում երգը «Դեպի Եվրատեսիլին» ներկայացնելու համար բավականին փոփոխվել է: Փորձել ենք այն ավելի եվրատեսիլյան դարձնել, չնայած՝ մենք ամեն տարի համոզվում ենք, որ չկա որեւէ ընդունված ֆորմատ այդ մրցույթում, եւ ամեն տարի հաղթում է մի երգ, որը տարբերվում է եւ յուրահատուկ տարրեր է պարունակում: Ամենապարզ օրինակը հենց վերջին հաղթողի երգն էր: Մենք նույնպես փորձել ենք ստեղծել մի երգ, որը ցանկացածին մոտ կլինի, բայց միեւնույն ժամանակ կտարբերվի: Չկա այս կյանքում մի մարդ, որին սերը չի գտնում: Իմաստի տեսանկյունից՝ այս երգը ստիպում է հիշել կյանքի հենց այն պահերը, երբ կար երջանկություն, եւ մտովի տեղափոխում է անցյալ՝ փորձելով  սթափեցնել մարդկանց, որոնք հենց այս պահին միգուցե սխալ ճանապարհի վրա են»:

Զրույցի վերջում, իհարկե, հետաքրքրվեցինք, թե որ մասնակցին է երգիչը համարում իր գլխավոր մրցակիցը.

«Ինձ մրցակից համարում եմ մնացած բոլոր 19 մասնակիցներին :) Բայց սա իրականում մրցակցություն չէ, սա գեղեցիկ երաժշտական տոն է, որը պետք է վայելենք թե՛ մենք, թե՛ բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են մրցույթով: Այս ամենն ունի ավարտ, իսկ ավարտից հետո մենք բոլորս ընկերներ ենք մնալու: Մենք նույնպես փորձում ենք գտնել լավագույնին, որպեսզի մեր եռագույնը եւս մեկ անգամ հիշեցնի ամբողջ Եվրոպային, որ մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE