Հինգ նորաձև թրենդ, որոնցից այս տարի հնարավոր չէ խուսափել

13:03   22 հունվարի, 2018

Տարեսկիզբը նորաձև աղջիկների համար սովորաբար նշանավորվում է նորաձևության ինդուստրիայի նոր թրենդներով։ NEWS.am STYLE -ը ի մի է բերել թոփ 5 թրենդներ, առանց որոնց 2018-ին հնարավոր չի լինի նորաձև լուք ունենալ։

Պլաստիկ

Այո, այո, սա վրիպակ չէ։ Մենք ապրում ենք ոչ միայն պլաստիկ շշերի  դարաշրջանում, այլ այնպիսի ժամանակներում, երբ Ձեր կիսաշրջազգեստը կամ հովանոցն էլ են նույն նյութից պատրաստված։ Թափանցիկ պլաստիկից Ֆուտուրիստական հագուստը կամ կոշիկը բավականին պրակտիկ բան է՝ անջրթափանց ու հեշտ մաքրվող։ Պլաստիկ հագուստը հատկապես հարմար է անձրևների սեզոնին, որը կսկսվի գարնանը։

Ծոպեր ու փետուրներ

Մի քանի տարի առաջ շատ ոճաբաններ կասեին, որ ծոպերն ու փետուրները հարմար չեն ամենօրյա կերպարի համար, քանի որ նման հագուստը շքեղ ու կոկետ տեսք ունի։ Բայց այսօր նորաձևությունը ջնջում է բոլոր սահմանները ու կանոնները, դրա համար էլ փետուրներով ու ծոպերով կիսաշրջազգեստներ, զգեստներ ու պայուսակներ կարելի է կրել նաև փողոցում։ Ծոպերը ռիթմ են հաղորդում շարժմանը, երբ դուք «սավառնում եք» ջազային քայլվածքով, ու շատ գրավիչ տեսք ունեն։ Սակայն այս հարցում պետք է հաշվի առնել մեկ կարևոր փաստ՝ ծոպերի ու փետուրների դիրքը ձեր մարմնի վրա, գույնն ու խտությունը։

Գուլպաներ

Արտասովոր թրենդը թափ է հավաքում ու ավելի մեծ տարածում ստանում, չնայած ոմանք առայսօր լուրջ չեն վերաբերվում զգեստապահարանի այդ տարրին։ Հիմա Ձեր տրամադրության կամ նախասիրությունների մասին կարող եք պատմել գուլպաների կամ դրանց վրայի գրությունների միջոցով։ Ու որքան վառ լինեն գուլպաները, այդքան ավելի էքստրավագանտ տեսք կունենաք դուք։ Այդ թրենդը տարածվում է ոչ միայն աղջիկների, այլև նորաձև տղամարդկանց շրջանում։ Ի դեպ, գուլպաները կարող են լինել ցանկացած նյութից՝ բրդից, տրիկոտաժից, լյուրեքսից ու կապրոնից։

Կլյոշ

Այս  տարվա must have-ը, իսկ իմ կարծիքով՝ հավերժ թրենդը, իհարկե, կլյոշ տաբատն է , որը սազում է բոլոր կանանց։ Այս սեզոնին ոճաբաններն առաջարկում են կլյոշի բազմազան մոդելներ՝ ամուր կտորներից մինչև թափանցիկ տարբերակներ, համալրված ժանյակով ու զվարճալի ծաղկավոր նախշերով։ Կլյոշ տաբատը հրաշալի շտկում է կնոջ կազմվածքը, կոնքերին հաղորդելով գայթակղիչ կլորություն, իսկ ոտքերին՝ սլացիկություն։ Դրա համար էլ այս գարնանը գոնե մեկ կլյոշ տաբատ գնեք լեգինսի կամ մարմինն ընդգրկող տաբատի փոխարեն։ Այո, չմոռանանք նշել, որ ժամանակակից կլյոշը պետք է նաև պարտադիր բարձր գոտկատեղ ունենա։

Գոտենման պայուսակ

Հիշո՞ւմ եք 90-ականներին շուկայում աշխատող կանայք գոտիի վրա պայուսակներ էին ամրացնում, որտեղ պահում էին իրենց փողերը, քանի որ դա հարմար ու անվտանգ է։

Այսօր նույնպես նման պայուսակները շատ նորաձև են։ Այդ պրակտիկ աքսեսուարը շատ հարմար է մանրը ու տարբեր այլ մանրուքներ պահելու համար։ Նման պայուսակները կարելի է տարբեր ձևերով կրել՝ վերարկուի կամ բաճկոնի, զգեստի կամ սվիթերի վրայից, գոտու նման՝ ջինսի կամ շորտերի վրա։ Գոտենման պայուսակը կարող է լինել և մարզական, և դասական, և կաշվից, և կտորից, և նույնիսկ մորթուց։

Մարգարիտա Ավագյան

 



© NEWS.am STYLE