Ինչպես 150 կգ կշռող կինը հրաժարվեց դժբախտ ամուսնությունից եւ ավելորդ քաշից (ֆոտո)

20:32   19 հունվարի, 2018

Երկու տարի առաջ Լիան Չեմփի կյանքում անհաջղություններ էին: Նա դժբախտ էր իրեն զգում ամուսնու հետ, ինչի պատճառով անդադար ուտում էր՝ արդյունքում հավաքելով մոտ 150 կգ քաշ:

Կինն ամեն օր սնվում էր McDonalds-ում: Սակայն մի առավոտ, նայելով հայելու մեջ, նա հասկացավ, որ արտաքինի պատճառով դարձել է շատ անինքնավստահ, եւ որ դրական փոփոխությունների ժամանակն է: Նախ, Լիանը հրաժարվեց անհաջող ամուսնությունից եւ սկսեց լրջորեն մտածել գեղեցիկ կառուցվածք ձեռք բերելու մասին: Մարզասրահ հաճախելն այնքան էլ դուր չէր գալիս Լիանին, այսպիսով՝ նա որոշեց ցանկալի արդյունքին հասնել ճիշտ սննդակարգի միջոցով: Նա կտրականապես հրաժարվեց արագ սնունդից եւ սկսեց ավելի շատ ժամանակ հատկացնել ամենօրյա նախավարժանքին:

«Ես ամուսնացա 21 տարեկանում: Մեր ընտանեկան խնդիրների պատճառով ստիպված էի հրաժարվել իմ հիմնական աշխատանքից եւ կես դրույքով աշխատանքի անցնել: Այդ շրջանում ես անդադար սթրեսի մեջ էի լինում, ինչի պատճառով ավելի ու ավելի շատ էի ուտում:

Բայց երբ սկսեցի կշռել 150 կգ, հասկացա, որ մի բան պետք է անել…»,-ասում է Լիանը՝ նշելով, որ փոփոխության դիմելու հարցում իրեն ոգեշնչել են հայտնիների լուսանկարները, որոնք Instagram-ում պարբերաբար հրապարակումներ են տեղադրում՝ ցուցադրելով, թե որքան են նիհարել, ինչպիսին էին առաջ եւ ինչ փոփոխությունների են հասել.

«Նայելով նրանց՝ ես հասկացա, եթե նրանց մոտ դա ստացվել է, ինչո՞ւ ինձ մոտ չպետք է ստացվի: Սկզբի համար ես իմ մտքում ստեղծեցի այն կերպարը, որին ցանկանում էի հասնել:

Եվ ամեն անգամ այդ պատկերն ինձ կամքի ուժ էր տալիս նիհարելու: Վերջին անգամ ամիսներ առաջ եմ կշռվել, 58 կիլոգրամով նիհարել էի, հիմա շատ ավելի նիհար եմ, բայց էլ կշեռքին չեմ կանգնում, որպեսզի գիրանալու դեպքում դեպրեսիա չունենամ: Հագուստս ու հայելին են օգնում հասկանալ՝ գիրացե՞լ եմ, թե՞ ոչ»,-ասում է Լիանը, որի առօրյան այսօր կազմում են առողջ սնունդը, մարզումներն ու լողը:

Աղբյուրը՝ Mirror.co.uk



© NEWS.am STYLE