Բլեք Չայնան պարտվել է Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայցի առաջին լսումներին

22:03   19 հունվարի, 2018

Ռոբ Քարդաշյանի նախկին ընկերուհու՝ Բլեք Չայնայի ու Քարդաշյան-Ջեներ գերդաստանի միջև կրքերը չեն հանդարտվում։

Հիշեցնենք, որ Չայնան Ռոբ Քարդաշյանից բաժանվելուց հետո հայտնել է, որ Ռոբի հետ իր ռեալիթի շոուն փակվել է Քարդաշյան-Ջեներ գերդաստանի միջամտությունների պատճառով։ 29-ամյա մերկապարուհին դատի է տվել Քիմ Քարդաշյանին ու Քրիս Ջեներին՝ հայտնելով, որ Քիմը հատուկ է այնպես արել, որ Rob$Chyna շոուն ձախողվի E! ալիքում, որը սերտ համագործակցում է Քարդաշյան գերդաստանի հետ։

Գործը հասել է դատարան, ու առաջին լսումների ժամանակ դատավորը չի ընդունել Չայնայի փաստաբանների փաստարկներն ու մեղադրանքները՝ նշելով, որ չկա ապացույց, որ Քիմ Քարդաշյանն ու նրա ամբողջ գերդաստանը խոչընդոտել են Չայնայի ու հեռուստաալիքի միջև պայմանագրի կնքմանը։ Դատավորը նաև նշել է, որ չկան ապացույցներ, որ E ալիքն, առհասարակ, պատրաստվում էր երկրորդ եթերաշրջանը նկարահանել Չայնայի հետ։

Բայց հարկ է նաև նշել, որ Քիմի փաստաբանները փորձել են այնպես անել, որ պատասխանող կողմը միայն Ռոբը լինի, այլ ոչ թե Քարդաշյան-Ջեներ ամբողջ գերդաստանը, բայց նրանց դա չի հաջողվել, քանի որ դատավորը հայտնել է, որ Չայնայի կողմին ժամանակ կտա պատրաստվելու ու նոր ապացույցներով դատարան ներկայանալու համար։

Քարդաշյանների փաստաբանները վստահ են, որ Չայնային ու նրա ներկայացուցիչներին չի հաջողվի որևէ բանի հասնել, ու նրանք գործը կպարտվեն դեռ մինչև դատավարություն։

Աղբյուրը՝  Daily Mail



© NEWS.am STYLE