Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթն իրենց աղջկան Չիկագո են անվանել

23:57   19 հունվարի, 2018

Օրերս Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երրորդ անգամ ծնող են դարձել: Փոխնակ մայրը աստղերի համար աղջիկ է ունեցել:

Մի քանի օր Քիմը եւ Քանյեն չէին հայտնում աղջկա անունը: Ինչպես իր կայքում գրել է Քիմը, աղջկան Չիկագո են անվանել:

Իսկ 37-ամյա հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին».

«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։  Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։



© NEWS.am STYLE