Exclusive. Քիմ Քարդաշյանի, Մել Բիի եւ Էշլի Գրեմի հայ դիմահարդարն իր աստղային հաճախորդների եւ հայ հայտնիների make up-ի մասին

12:05   22 հունվարի, 2018

Աշխարհում տաղանդավոր հայերը շատ են, եւ NEWS.am STYLE-ը պարբերաբար իր ընթերցոներին ծանոթացնում է նրանց հետ: Այսօրվա մեր զրուցակիցը միջազգային ճանաչում ունեցող դիմահարդար Ռոբ Սարգսյանն է: Ռոբը 14 տարեկանից բնակվում է Լոս Անջելեսում: Դեռ մանկուց է հասկացել, որ իրեն դուր է գալիս դիմահարդարման արվեստը.

«Միշտ սիրել եմ make up-ի հետ կապված ամեն ինչ: Երբ փոքր էի, սիրում էի հետեւել, թե ինչպես են մայրս ու տատիկս շպարվում, ինձ դա հիացնում էր: Երբ մեծացա, երբեմն ինքս էի նրանց շպարում: Հետո մայրիկիս ընկերուհիներն այնքան հավանեցին իմ կատարած դիմահարդարումը, որ հաճախ ինձ էին խնդրում իրենց շպարել»,-հիշում է Ռոբը, որն այսօր դիմահարդարում է այնպիսի հայտնի աստղերի, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Մել Բին, Ռեյչել Ռոյը, Էշլի Գրեմը, Դորոթի Վանգն ու այլք:

«Քիմ Քարդաշյանի հետ մեկ անգամ եմ աշխատել: Նա Instagram-ի միջոցով տեսել էր իմ աշխատանքներն ու իր օգնականին խնդրել կապ հաստատել ինձ հետ: Ես նրան դիմահարդարեցի Keeping Up With the Kardashians շոուի էպիզոդներից մեկի համար: Նա շատ լավն է ու գեղեցիկ՝ թե արտաքուստ, թե ներքուստ»,-ասում է մեր զրուցակիցը՝ անդրադառնալով նաեւ իր մյուս հայտնի հաճախորդներին.

«Ինչպես գիտեք՝ աշխատում եմ նաեւ Մել Բիի, Էշլի Գրեմի եւ Դորոթի Վանգի հետ, իսկ Ռեյչել Ռոյն իմ մշտական հաճախորդուհին է: Շատ կցանկանայի նաեւ համագործակցել Ջենիֆեր Լոպեսի հետ: Ի դեպ, հաճախ եմ աշխաստում նաեւ տարբեր հեռուստաշոուներում, դրանցից են «Բեւեռլի Հիլզի տնտեսուհիները» եւ «WAGS»-ը»:

Կարծիք կա, թե ճանաչված մարդկանց հետ դժվար է աշխատելը, սակայն հայ դիմահարդարն իր հայտնի ու անհայտ հաճախորդների միջեւ ոչ մի տարբերություն չի տեսնում.

«Ինձ համար միեւնույն է՝ հաճախորդս հայտնի՞ է, թե՞ ոչ: Երբ մարդը ներքուստ լավն է, դու դա միանգամից զգում ես: Այդ առումով ես ինձ բախտավոր եմ համարում, քանի որ միշտ հրաշալի մարդկանց հետ եմ աշխատում, ինչի համար շատ շնորհակալ եմ»:

Ռոբն ասում է՝ ոգեշնչվում է տարբեր դիմահարդարներից. «Առհասարակ, արվեստում ամեն ինչից էլ կարելին է ոգեշնչվել»,-համոզված է նա:

Դիմահարդարը Հայաստանում չի եղել ԱՄՆ տեղափոխվելուց ի վեր: Հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների գործունեությանը հաճախ չի հետեւում, այնուամենայնիվ, նրանց դիմահարդարման մասին կարծիք կազմել է. «Երբեմն որոշ հայ հայտնիների տեսնում եմ հեռուստատեսությամբ, ամսագրերում կամ էլ՝ Instagram-ում: Կարծում եմ՝ նրանք պետք է մի քիչ աշխատեն իրենց make up-ի վրա, բայց, միեւնույն ժամանակ, համեմատական փոփոխություններ նկատում եմ»:

Դե, իհարկե, ճանաչված դիմահարդարից հետաքրքրվեցինք՝ որոնք են 2018-ի դիմահարդարման կարեւորագույն միտումները. «Կատարյալ մաշկ եւ մի փոքր փայլ: Խորհուրդ կտայի նաեւ չչարաշահել ստվերաներկն, ու հուսով եմ՝ մոտ ապագայում էլ չեմ տեսնի սուրմա (ծիծաղում է): Հայ աղջիկներին եւ կանանց խորհուրդ կտայի մի քիչ ուրիշ դիմահարդարում անել: Նրանք բնականից արդեն շատ գեղեցիկ են, այնպես որ՝ չեմ կարծում, թե այդքան հաճախ պետք է աչքերն ընդծեն smoky eyes-ի եւ աղեղների համադրությամբ»,-եզրափակեց նա:

Զրուցեց Սյունե Առաքելյանը

Լուսանկարները՝ Ռոբ Սարգսյանի Instagram-ից



© NEWS.am STYLE