Չինաստանում արգելել են հեռուստաեթերում ցուցադրել ռեփերներին, հիփ հոփ երգիչներին ու անբարոյական արտիստներին

15:42   22 հունվարի, 2018

Տասնյակ սիրված ռեփերների, հիփ հոփ մշակույթի ներկայացուցիչների ու ռոք երաժիշտների համար չինական հեռուստաեթերն այսուհետ փակ կլինի։

Time-ի փոխանցմամբ՝ ՉԺՀ մամուլի, ռադիոյի, կինեմատոգրաֆիայի և հեռուստատեսության հարցերով պետական վարչությունը որոշում է կայացրել արգելել հեռուստաեթերում ժամանակակից ենթամշակույթների ներկայացուցիչների ցուցադրումը։ Արգելքը տարածվելու է դաջվածքներով կատարողների, «անճաշակ» ու «գռեհիկ» արտիստների, գաղափարական ցածր մակարդակով և արատավորված վարկանիշով արտիստների վրա։

Բացի դրանից, չի կարելի ցուցադրել ենթամշակույթը՝ այսինքն ոչ պաշտոնական մշակույթը, ու ապաբարոյական մշակույթը։

Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ հանրահայտ Singer հեռուստամրցույթից հեռացրել են Gai հանրահայտ ռեփերին (իսկական անունը՝ Չժոու Յան)։ Նրա ձայնագրությունները ջնջվել են նաև Hunan TV-ի YouTube պաշտոնական էջից՝ առանց որևէ բացատրության։

Հունվարին ևս մեկ հանրահայտ ռեփեր՝ Վան Հաոն, որը ելույթ էր ունենում PG One մականունով, ստիպված է եղել ներողություն խնդրել, երբ նրա երգերից մեկը քննադատել են նարկոմշակույթի փառավորման ու կանանց վրա հարձակումների համար։

Չինական սոցցանցերում այդ արգելքը քննադատությունների է արժանացել։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

yerevan. [email protected]



© NEWS.am STYLE