Ռեփեր Oxxxymiron-ը հեղինակավոր գրական մրցանակաբաշխության հավակնորդ է

18:11   22 հունվարի, 2018

Ռեփեր Oxxxymiron-ը դարձել է Ալեքսանդր Պյատիգորսկու անվան գրական մրցանակաբաշխության հավակնորդ, հայտնում է «Фонтанка.ру»-ն։ Երաժիշտի «Горгород» ալբոմն ընդգրկվել է մրցանակաբաշխության հավակնորդների երկար ցանկում։

Մրցանակի են հավակնում 37 աշխատանքներ, այդ թվում՝ Միխայիլ Զիգարի «Կայսրությունը պետք է մահանա», Գլեբ Մորևի «Այլախոհները», Գերման Սադուլաևի «Իվան Աուսլենդեր․ վեպ արմավենու տերևների վրա» վեպերը, Միխայիլ Էպշթեյնի երկու գրքերն ու Լև Ռուբինշթեյնի ֆեյսբուքյան գրառումները։

«Горгород» ալբոմի թեկնածությունն առաջարկած փիլիսոփա Աննա Ելաշկինան Միրոն Ֆյոդորովի (Oxxxymiron-ի իսկական անունը) ստեղծագործությունը  բնութագրել է որպես «Օքսֆորդյան բանասիրական կրթությամբ ռուս բանաստեղծի» ստեղծագործություն։  Նա նշել է, որ ունկնդիրներն ու ընթերցողները՝ բանասերներից մինչև քաղաքի ծայրամասերում բնակվող տղաներ, ալբոմի թողարկումից հետո սկսել էին վիճել, թե ինչ է իրենից ներկայացնում գրականությունն ու ինչու է այդքան արդիական ստոիկների փիլիսոփայությունը։ Ֆյոդորովի ստեղծագործությունները, ինչպես և բնորոշ է «մեծ գրականությանը», բազմաշերտ են ու պարունակում են հղումներ Աստվածաշնչից սկսած՝ մինչև Տոլկին։

Հավակնորդների կարճ ցանկի հրապարակումը ապրիլին է նախատեսված, հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսին։ Այս անգամ դափնեկիրը կստանա մեկ միլիոն ռուբլի մրցանակ։  

 

 

 

 

 



© NEWS.am STYLE