Գվինեթ Փելթրոուն ցուցադրել է իր նշանադրության շքեղ մատանին

01:24   23 հունվարի, 2018

Օրերս կայացած Producers Guild Awards մրցանակաբաշխության ժամանակ հանրության ուշադրությունը գրավեց ոչ այնքան հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուի շքեղ կարմիր զգեստը, որքան նրա մատանեմատին շողշողացող և պատկառելի մեծ քարով նշանադրության մատանին: Դա, անկասկած, նրա փեսացուի՝ Բրեդ Ֆելչակի նվիրած մատանին է՝ ի նշան սիրահար զույգի համար կարևոր իրադարձության:

Դատելով մանուշակագույն շափյուղայի մեծությունից՝ Ֆելչակը սիրելի կնոջ նվերի համար գումար չի խնայել: Գվինեթի ծննդյան օրը նա հյուրերի ներկայությամբ խոստովանել է, որ շահելով այդ կնոջ սերը՝ նրա բախտն աներևակայելի բերել է, ուստի մատանին պարզապես նրա հանդեպ իր մեծ սիրո հերթական ապացույցն է:

«Նա բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կինն է: Մենք բոլորս երջանիկ ենք, որ նա մի գեղեցիկ օր լույս աշխարհ է եկել, բայց ես ամենաերջանիկն եմ»,- հայտարարել է «Ամերիկյան սարսափ պատմության» պրոդյուսերը:

Հիշեցնենք, որ 45-ամյա Փելթրոուի և 46-ամյա Ֆելչակի նշանադրության մասին հանրությունը տեղեկացավ մոտ երկու շաբաթ առաջ: Սիրահարներն իրենք էին դրա մասին հայտարարել դերասանուհուն պատկանող Goop համացանցային պորտալում: Չնայած Գվինեթն ու Ֆելչակը բավականին երկար տարիներ հանդիպում էին միմյանց հետ, սակայն միայն վերջերս նրանք որոշեցին, ի վերջո, օրինականացնել իրենց հարաբերությունները:

Ի դեպ, Գվինեթի նախկին ամուսինը՝ Քրիս Մարտինը, նույնպես, կարծես թե, կարգավորել է իր անձնական կյանքը: 40-ամյա երաժիշտին ավելի ու ավելի հաճախակի են տեսնում 28-ամյա դերասանուհի Դակոտա Ջոնսոնի ընկերակցությամբ: Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն փորձում իրենց կապը թաքցնել հետաքրքրասեր երկրպագուներից՝ ասես հաստատելով իրենց հարաբերությունների լրջությունը:

Աղբյուր՝ Just Jared



© NEWS.am STYLE