Վտանգավո՞ր է, արդյոք, կոսմետիկ միջոցներում օգտագործվող սիլիկոնը

16:34   24 հունվարի, 2018

Գեղեցկության համար նախատեսված գրեթե ցանկացած կոսմետիկ միջոցի արտադրության մեջ սիլիկոն է օգտագործվում: Արտադրողներն այն առատորեն ավելացնում են շրթներկի, թարթիչաներկի, քսուկների, շամպունների մեջ: Այնինչ մասնագետները զգուշացնում են, որ այդ բաղադրիչն այնքան էլ անվտանգ չէ և կարող է մի շարք խնդիրների առաջացման պատճառ դառնալ:

Անկախ մաշկի տեսակից՝ հարկավոր է խուսափել սիլիկոն պարունակող միջոցների օգտագործումից: Ի դեպ, սիլիկոնի տարբեր տեսակներ կան, և յուրաքանչյուրն իր առանձին անվանումն ունի, ինչի պատճառով էլ դրանք դժվար է հայտնաբերել կոսմետիկ միջոցների մակնշումներում:

Սիլիկոնը կոսմետիկ միջոցների արտադրության մեջ առաջին անգամ լայնորեն կիրառվել է 1950-ականներին և դրանից հետո արտադրողներն այլևս չհրաժարվեցին այն իրենց արտադրանքի բաղադրության մեջ ավելացնելու մտքից: Սակայն այդ քիմիական բաղադրիչի վնասակարության և օգտակարության մասին բանավեճերը շարունակվում են մինչ օրս:

Ո՞ր կոսմետիկ միջոցների արտադրության մեջ է սիլիկոն օգտագործվում

Իրականում այդ քիմիական հավելանյութն ավելացվում է գրեթե բոլոր կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ՝ ինչպես մաշկի խնամքի համար նախատեսված միջոցների, այնպես էլ դեկորատիվ կոսմետիկ: Բայց եթե թարթիչաներկը, աչքի մատիտը կամ շրթներկը չնչին քանակությամբ է օգտագործվում և քիչ հավանական է, որ վնաս կպատճառի, ապա մաշկի, մազերի խնամքի համար նախատեսված միջոցներ գնելիս խորհուրդ է տրվում առանց սիլիկոնի արտադրանք ընտրել: Խոսքը մարմնի և դեմքի մաշկի համար նախատեսված քսուկների, շիճուկների, դիմակների, յուղերի, դիմափոշիների, հայլայթերների, սնգույրների, շամպունների, բալզամների, կոնդիցիոներների, մազերի համար նախատեսված լաքերի մասին է:

Ինչո՞վ է արտադրողներին հրապուրում սիլիկոնը

Թերևս միայն բարեխիղճ և էկոլոգիապես մաքուր միջոցներ արտադրողներն են, որ զերծ են մնում քիմիական հավելանյութերի օգտագործումից: Իսկ այդպիսիք շատ քիչ են: Մեծամասնությունն, այնուամենայնիվ, նախընտրում է իր արտադրանքում այս կամ այն տեսակի սիլիկոն օգտագործել, քանի որ այն գեղեցկության միջոցների մակերեսը միատարր է դարձնում՝ դրան գեղեցիկ տեսք հաղորդելով: Եվ հետո, սիլիկոնը ծածկում է մաշկի անհարթությունները, կճիռները ծակոտիները, բշտիկները՝ դրանք պատելով աննկատ շերտով: Իսկ ձեզ թվում է, թե տվյալ կոսմետիկ միջոցն իրականում պայքարում է այդ թերությունների դեմ: Այնինչ արդյունքը ժամանակավոր է և մակերեսային:

Սիլիկոնը նաև ջրակայուն է: Այն մաշկի վրա բարակ շերտ է ստեղծում, ինչի շնորհիվ խոնավեցնող քսուկն ավելի երկար է պահպանում իր հատկությունները՝ 24-ից մինչև 48 ժամ: Իրականում մաշկը չի կորցնում իր խոնավությունը, սակայն լրացուցիչ խոնավությամբ չի ապահովվում քսուկի միջոցով: Այդ նույն սկզբունքով են գործում նաև արևապաշտպան քսուկները և դիմահարդարումը ֆիքսող միջոցները:

Եվ վերջապես սիլիկոնը գրավիչ է իր բավականին ցածր գնով: Սակայն դա չի նշանակում, որ այն միայն մատչելի կոսմետիկ միջոցների արտադրության մեջ են օգտագործում: Սիլկոնն առկա է նաև լյուքս դասի կոսմետիկ միջոցների բաղադրությունում, ճիշտ է՝ այն ավելի որակյալ է և թանկարժեք:

 

Ինչպե՞ս է սիլիկոնն ազդում մաշկի վրա

Առաջին հայացքից արդյունքը հիացնում է, քանի որ սիլիկոնն աննկատ շերտ ստեղծելու շնորհիվ ծածկում է մաշկի, մազերի թերությունները: Սակայն այն վնասակար ազդեցություն է ունենում ինչպես մաշկի, այնպես էլ մազերի վրա՝ ավելի խորքային մակարդակներում:

Սիլիկոնը խոչընդոտում է մաշկի բջիջների վերականգնմանը: Մաշկը սովորաբար  յուրաքանչյուր 28 օրը մեկ վերականգնվում է, մեռած բջիջները իրենց տեղը զիջում են նոր բջիջներին: Իսկ սիլիկոնը թույլ չի տալիս, որպեսզի մեռած բջիջներն արդյունավետորեն հեռացվեն մաշկի վրայից, ինչն էլ խոչընդոտում է նոր բջիջների հայտնվելուն: Այդ բնականոն գործընթացի խաթարումը կարող է հանգեցնել մաշկի պիգմենտավորմանը, կնճիռների վաղաժամ առաջացմանը, նաև բորբոքումների և բշտիկների առաջացմանը:

Բացի դա, սիլկոն պարունակող միջոցները թույլ չեն տալիս, որ օգտակար նյութերը ներթափանցեն մաշկի խորքերը՝ մաշկը բարակ շերտով պատելով: Եթե դուք նախապես սիլիկոն պարունակող քսուկ կամ այլ միջոց եք օգտագործել, ապա դրա վրայից սնուցող միջոցների օգտակար բաղադրիչները պարզապես ի վիճակի չեն լինի մաշկի մեջ ներթափանցելու և իրենց օգտակար առաքելությունը կատարելու:

Սիլիկոն պարունակող միջոցները ջրազրկում են մաշկը՝ դրան թորշոմած տեսք հաղորդելով: Սիլիկոնը խոչընդոտում է խոնավության ներթափանցմանը:  Այն նաև խցանում է ծակոտիները՝ բորբոքումներ առաջացնելով, քանի որ փակված, չշնչող ծակոտիներում սկսում են վնասակար մանրէներ բազմանալ: Եթե մաշկն ակնեի և կորյակների առաջացման հակում ունի, հարկավոր է ընդհանրապես բացառել սիլիկոն պարունակող միջոցների օգտագործումը:

Սիլիկոններից ամենաշատն օգտագործվում է դիմետիկոնը, որը չափազանց դժվար է հեցանել մաշկից: Այն միայն հատուկ մաքրող միջոցներով է հնարավո լինում հեռացնել:

Ինչպե՞ս պարզել՝ կոսմետիկ միջոցի մեջ սիլիկոն օգտագործվե՞լ է, թե ոչ

Կոսմետիկ միջոցների մակնշումներում սիլիկոնի առկայությունը պարզելու համար ամենահեշտ միջոցը հետևյալն է՝ փորձեք գտնել այնպիսի բառեր, որոնք ավարտվում են հետևյալ վերջավորություններով՝

-cone: Dimethicone, Methicone, Trimethicone, Cyclomethicone, Amodimethicone, Trimethylsilylamodimethicone.

-siloxane: Cyclopentasiloxane, Polydimethylsiloxane.

-conol: Dimethiconol.

Կոսմետիկ միջոցների մեծամասնության բաղադրության մեջ սիլիկոնի հենց այս տեսակներն են օգտագործվում: Ավելի հազվադեպ օգտագործվում են սիլիկոնի հետևյալ փոխարինողները, որոնք նույն հատկություններով են օժտված՝ Polymers, C10-30 Alkyl acrylate crosspolymer, VP / VA Copolymer, Polybutene, Polyisobutene.

Աղբյուրը՝ Elle

 



© NEWS.am STYLE