«Որոշեցի չսիրել, ուղղակի մեծանալ». Հայկո Հովհաննիսյանը՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

13:47   23 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է բլից հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ նման այլ հարցեր...

Մեր խորագրի այսօրվա հերոսը դերասան Հայկո Հովհաննիսյանն է.

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է դառնաք դերասան:

Փոքր տարիքից մեծ ցանկություն եմ ունեցել խաղալ ներկայացումներում, հետո նկարահանվել եմ մանկական հաղորդումներում, ու այդպես շարունակ: Բայց չի եղել կոնկրետ մի օր, որ ես հասկանամ, որ պետք է դառնամ դերասան:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Նայած՝ ինչ բնույթի է նորությունը: Կերպարներիս ու ներկայացումների հետ կապված առաջին նորությունները տատիկիս եմ պատմում :)

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Առաջին դասարանում:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Առաջին անգամ սեր խոստովանել եմ 13 տարեկանում, բայց քանի որ դա անպատասխան էր, ես էլ՝ շատ փոքր, որոշեցի չսիրել, ուղղակի մեծանալ:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Փոքր տարիքում, դպրոցում՝ նամակի տեսքով:

Առաջին հիասթափությունը...

Երբ տեսա, թե ով է ինձ առաջին անգամ սեր խոստովանել :)

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Անկեղծ ասած՝ չեմ հիշում որեւէ դժվարություն:

Ձեր մասնակցությամբ առաջին նախագիծը:

«Քաղաքավարության կանոններ» մանկական հաղորդումը, որը հեռարձակվում էր «Հայրենիք» հեռուստաալիքով:

Առաջին մեծ հաջողությունը:

Աշխատանքս «Շանթ» հեռուստաընկերության պրոֆեսիոնալ թիմում:

Ձեզ համար առաջնային է...

Կյանքում առաջնային է իմ ընտանիքը, հետո՝ առողջ շփումը մարդկանց հետ:

Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Այո, առաջին հիասթափությանս մասին առաջին անգամ խոսեցի :)

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE