«Սպասելը ցավոտ է». ինչպե՞ս է Անուշկա Մարգարյանը նշել 29-ամյակն ու ո՞ր հայտնի մարդուց է ստացել առաջին շնորհավորանքը

15:21   23 հունվարի, 2018

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը երեկ՝ հունվարի 22-ին, նշում էր ծննդյան 29-ամյակը: Դերասանուհին NEWS.am STYLE-ին պատմել է, թե ինչպես է անցկացրել ծննդյան օրը, եւ ով է առաջինն իրեն շնորհավորել.

«Կեսգիշերից նամակների տեղատարափը սկսվեց: Ուղիղ կեսգիշերին պատասխանել եմ Դիանա Գրիգորյանի զանգին: Հունվարի 22-ի առաջին զանգ եղավ նրանից :) Նույն պահին մայրս շնորհավորեց, զուգահեռաբար մյուս հեռախոսիս Նյու Յորքից՝ ինձ շատ հարազատ դարձած մարդուց զանգ ստացա, իսկ Անահիտ Մութաֆյանն ինձ շնորհավորել է ծնունդիցս երկու րոպե շուտ :) Հետո ընկերներս հյուր եկան: Մի խոսքով, հետաքրքիր սկսվեց ամեն ինչ»:

Անուշկան նախապես չէր ծրագրել իր ծննդյան օրը, սակայն անակնկալներ մատուցել են ընկերներն ու հարազատ մարդիկ.

«Որոշել էի այս տարի չնշել ծնունդս, բայց գիշերն ընկերներս հյուր եկան, կեսօրին մայրիկիս հետ գնացինք մեր սիրած վայրը, հետո նկարահանումների էի :) Երեկոյան էլ ինձ հյուր եկան ընկերուհիներս: Հաճելի է, երբ ոչինչ չես անում, իսկ նրանք, այնուամենայնիվ, գալիս են: Այստեղ է երեւում, թե ով է քեզ իսկապես սիրում եւ փորձում օրդ տոն դարձնել: Միակ մարդը, որին սպասում էի, բայց գիտեի, որ չի գալու, Անին էր՝ ընկերուհիս, որն այս պահին Գերմանիայում է»:

Անակնկալների շարքում դերասանուհին առանձնացրեց նաեւ ֆեյսբուքյան ընկերներից մեկի շնորհավորանքը՝ չցանկանակով բարձրաձայնել ավելին, նաեւ՝ մտերիմ ընկերուհու՝ դերասանուհի Ժաննա Բուտուլյանի շնորհավորանքը. «Շատ սիրուն էր ու անկեղծ: Հոգուց բխող շնորհավորանք էր…»:

Աղջիկները հաճախ խուսափում են բարձրաձայնել իրենց տարիքը՝ վախենալով մեծանալուց, սակայն ասվածն Անուշկային չի վերաբերում.

«Ինչո՞ւ թաքցնեմ մի բան, որն իրական է, մանավանդ, եթե դա բնության ստեղծածն է: Հետո գիտեմ, որ 100 տարեկանում էլ նույն տեսքն եմ ունենալու»,-իրեն բնորոշ հումորով նշեց նա:

Իր ծննդյան օրը դերասանուհին պահել է երազանք, սակայն նախընտրեց այն գաղտնի պահել, իսկ հարցին՝ արդյոք կա՞ մեկը, որի շնորհավորանքին ամենից շատն է սպասել, նշեց.

«Փորձում եմ չսպասել ոչինչ ոչ մեկից: Սպասելը ցավոտ է: Միայն կասեմ, որ յուրաքանչյուրի շնորհավորանքն էլ կարեւոր էր ինձ համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր օրս տոն դարձրեցին»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE