Փարիզի Նորաձեւության շաբաթ. Giambattista Valli-ի թագավորական ցուցադրությունը

17:12   23 հունվարի, 2018

Զանազան նախացուցադրություններից ու երեկույթներից հետո Փարիզում մեկնարկել է Նորաձևության շաբաթը, որը մեզ այսօր ուրախացնում է Giambattista Valli գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությամբ:

Radio France Info-ն արդեն հասցրել է հավաքածուն անվանել «Թագավորական»։ Մեր կարծիքով՝ ցուցադրությունն իրոք տպավորիչ է, բայցևայնպես նման բնորոշումների համար պետք է սպասել նաև Նորաձևության հանրահայտ տների մնացած ցուցադրություններին։

Ինչ վերաբերում է հավաքածուին, ապա դիզայները շարունակում է փորձարկել շիֆոնն ու շղարշանման հյուսվածքները։

Բազմաշերտ զգեստներն ավելի ծավալուն ու եթերային են դարձել (եզրափակիչ մասում ցուցադրված երեք զգեստները 350 մետր շղարշանման կտորից են կարված), իսկ դետալները՝ ասեղնագործ մասերը, ապլիկացիաներն ու ծալքերը՝ մարմինն ընդգրկող կամ ուղիղ ձևվածքի զգեստներում, ավելի մշակված ու բազմազան։

Հավաքածուն շեշտադրում է անում բոլորածալերի վրա, որոնք ստեղծում են ծովային փրփուրի էֆեկտ՝ հմուտ ասեղնագործության, ժանյակների ու մետաքսյա ժապավենների վրա։

Դիզայները նորից արդիական է դարձնում ասիմետրիկ զգեստներն ու առաջարկում տարբեր ձևվածքների լայն ընտրություն։

Հավաքածուի գունային գամմայում գերիշխում են մաքուր, միագույն պատկերները, որտեղ կան նաև շատ վառ գույներ և երեք երանգների համադրություններ։

Աղբյուրը՝ VogueBuroSpletnik

Լուսանկարները՝ Getty

 



© NEWS.am STYLE