«Հաշվի առնելով նրա տարիքը` բնական է». Մհեր Մկրտչյանը` Սամվել Թադեւոսյանի «մեծամտության» մասին

18:14   23 հունվարի, 2018

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյբուքյան իր էջում անդրադարձել է «Կյանք ու կռիվ» ֆիլմի գլխավոր դերակատար Սամվել Թադեւոսյանի՝ օրերս տված հարցազրույցին, որը շատերի կողմից քննարկման էր արժանացել: Բանն այն է, որ «Կյանք ու կռիվ» ֆիլմի անձնակազմն արժանացել էր պետական մրցանակի, որից հետո լրագրողների հետ զրույցում Սամվելը նշել էր, որ թե կերպարը, թե ֆիլմն իր հիշողությունից գնացել են դեպի ենթագիտակցություն եւ որ աջեւում ավելի հետաքրքիր աշխատանքներ են լինելու` թե թատրոնում, թե կինոյում: Դերասանի խոսքերը շատերին մեծամիտ են թվացել, ինչից էլ սկսվել է քննադատությունների շարքը.

«Վերջին օրերին լրագրողները բազմաթիվ հարցեր են տալիս Սամվել Թադեւոսյանի տված հարցազրույցի վերաբերյալ: Ուզում են պարզել, մեծամի՞տ է արդյոք Սամվելը, թե ոչ)..
Խուսափելով լրագրողների տարբեր եւ շատ ժամանակ աղավաղված մեկնաբանություններից՝ գրում եմ պատասխանը իմ ֆեյսբուքյան էջում:
Պետք չէ կառչել դերասանի ամեն մի ասած բառից: Ամեն մարդ իրավունք ունի ունենալ իր տեսակետը, առավել եւս՝ իր կյանքի վերաբերյալ: Սամվելը մեծ աշխատանք է կատարել ֆիլմի նկարահանման ժամանակ եւ հաշվի առնելով նրա տարիքը, բնական է, որ նա պետք է ապրի առջեւում սպասող դերերով և հույսերով: Անխոս, նա տաղանդավոր տղա է, ու ցանկանում եմ նրան նոր ֆիլմերով ապացուցել իր դերասանական արժեքը եւ զարգանալ, զարգանալ ու զարգանալ…»,-գրել է ռեժիսորը:



© NEWS.am STYLE