Ուլյանա Սերգեենկոն պատասխանել է Նաոմի Քեմփբելին.«Իմ դուստրը կիսով չափ հայ է, ես երբեք մարդկանց սեւամորթների եւ սպիտակամորթների չեմ բաժանել»

00:27   24 հունվարի, 2018

Նախօրեին Փարիզում անցկացվող բարձր նորաձևության շաբաթվա շրջանակում իր նոր հավաքածուի ցուցադրությանը Ulyana Sergeenko նորաձևության տունը տհաճ պատմության մեջ է հայտնվել: Ոճաբան Ուլյանա Սերգեենկոյին մեղադրել են ռասիզմի մեջ՝ քարկոծելով և նրա հասցեին քննադատություններ ու վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Ուլյանայի արարքը վիրավորել է անգամ Նաոմի Քեմփբելին:

Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Ուլյանայի մտերիմ ընկերուհին՝ Միրոսլավա Դուման, Instagram-ի իր էջում հրապարակեց Սերգեենկոյի ցուցադրության հրավերը, որում այսպիսի արտահայտություն կար՝ To my niggas in Paris, որը կարելի է թարգմանել հետևյալ կերպ՝ «Փարիզում գտնվող իմ նեգրերին»:

Հրավերքը չի վրիպել սևամորթ Նաոմիի աչքից, և նրան խիստ վիրավորել է «նեգր» բառը: Սուպերմոդելը կոչ է արել բոյկոտել Ուլյանայի ցուցադրությունը և պարզապես չմասնակցել դրան՝ իր կատարած ռասիստական գրառման համար:

Քեմփբելը միակը չէ, ով նման արտահայտությունն անհարիր է համարել: Ոճաբանի վերջին հրապարակման մեկնաբանություններում նրա հասցեին քննադատական ու վիրավորական բազմաթիվ արտահայություններ են արված սոցցանցերի օգտատերերի կողմից:

Այդ գրառումներից հետո Ուլյանան շտապեց արդարանալ՝ պատասխանելով օգտատետերի մեղադրանքներին և երկար մեղայական գրել.  

«Այսօր առավոտյան արթնանալով՝  հեռախոսով բազմաթիվ վիրավորանքներ կարդացի իմ հասցեին: Ես ծնվել եմ Ղազախստանի արևելյան հատվածում գտնվող փոքր քաղաքում, դուստրս կիսով չափ հայ է, և ես երբեք մարդկանց սպիտակների ու սևերի չեմ բաժանել: Իմ սիրելի երգիչներից է Քանյե Ուեսթը, շատ եմ հավանում նրա NP երգը («Նեգրերը Փարիզում»,-խմբ.): Երբեմն մենք միմյանց «ն» տառով սկսվող բառով ենք դիմում, երբ ուզում ենք հավատալ, որ մենք նույնքան հզոր ենք, ինչպես այդ երգը կատարող տղաները: Ես ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում վիրավորել եմ իմ արարքով:

Միրան իմ լավ ընկերուհին է, և այն փաստը, որ նա սոցցանցի իր էջերում միամտորեն հրապարակել է նրան ուղարկած իմ հրավերը, վկայում է, որ մենք որևէ վատ ու անբարոյական բան նկատի չենք ունեցել, հետին միտք չենք ունեցել և չենք գիտակցել այդ ամենի հետևանքը: Ես անկասկած այս ամենից դաս քաղեցի և շնորհակալ եմ դրա համար: Այս աշխարհում չարն առանց այն էլ բավականաչափ է, խնդրում եմ՝ եկեք այստեղ չարին հանգրվան չտանք»,- գրել է ռուս ոճաբանը:



© NEWS.am STYLE