Համացանցում հայտնվել է Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի դստեր ծննդյան վկայականի պատճենը

11:35   24 հունվարի, 2018

Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը օրերս երրորդ անգամ են ծնող դարձել։ Փոխնակ մայրը լույս աշխարհ է բերել աստղերի դստերը։ Մի քանի օր Քիմն ու Քանյեն չէին հայտնում աղջկա անունը։ Բայց հետագայում 37-ամյա հայուհին իր կայքում հայտնել էր, որ աղջկան Չիկագո են անվանել։

TMZ կայքի տրամադրության տակ է հայտնվել աստղերի դստեր ծննդյան վկայականը, որից երևում է, որ ծնունդն ընդունել էր բժիշկ Փոլ Քեյնը, այն նույն բժիշկը, որն օգնել էր Քիմի մյուս երկու երեխաների լույս աշխարհ գալուն։

Հիշեցնենք, որ օրերս 37-ամյա հեռուստաաստղն իր kimkardashianwest.com կայքում երկրպագուներին պատմել է երեխայի ծնվելու մասին՝ իր փոքրիկ գրառումը վերնագրելով «Ճշմարտությունն իմ հղիության մասին».

«Երեխայի հետ կապն առաջացավ միանգամից, այնպիսի տպավորություն էր, որ նա ամբողջ ընթացքում մեզ հետ է եղել։ Բժիշկներն ինձ ասել էին, որ առողջական խնդիրների պատճառով երրորդ հղիությունն ինձ համար անվտանգ չէր լինի։ Քանյեն ու ես երկար մտածեցինք ու որոշեցինք օգտվել փոխնակ մոր ծառայություններից։ Սովորաբար փոխնակ մայրն իր ձվաբջիջն ու հոր սերմնաբջիջն է օգտագործում։ Մեր դեպքում կնոջը պարզապես ներարկել են իմ բեղմնավորված ձվաբջիջը։ Այնպես որ՝ այդ երեխայի կենսաբանական ծնողները ես ու Քանյեն ենք։ Մենք դիմել էինք հատուկ գործակալություն, որն օգնել է մեզ փոխնակ մայր գտնել։ Եթե կարծում եք, թե դա հեշտ պրոցեդուրա է, դուք սխալվում եք։ Մենք հրաշալի հարաբերություններ ունենք փոխնակ մոր հետ, լիովին վստահում էինք նրան հղիության ամբողջ ընթացքում․․․ Շնորհակալ եմ ժամանակակից տեխնոլոգիաներին ու մեր փոխնակ մորը՝ այս մեծագույն նվերի համար»,- գրել է հայուհին։



© NEWS.am STYLE