«Առաջին անգամ հենց այդ տարիքում եմ համբուրվել». Լիլի Մորտոն՝ NEWS.am STYLE-ի «Առաջին անգամ» խորագրում

14:05   25 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ն իր ընթերցողներին ներկայացնում է «Առաջին անգամ» խորագիրը, որի նպատակն է հարցման միջոցով հայտնիներից պարզել, թե երբ են առաջին անգամ սիրահարվել, սեր խոստովանել, հիասթափվել, հաջողության հասել եւ այլն...

Մեր խորագրի այսօրվա հերոսուհին մոդել, ոճաբան եւ դիզայներ Լիլի Մորտոն է:

Ե՞րբ առաջին անգամ հասկացաք, որ պետք է զբաղվեք նորաձեւությամբ:

Դեռ փոքր երեխա էի, երբ տեսնում էի, թե ինչպես է մայրս կար ու ձեւով զբաղվում, դա ինձ շատ էր դուր գալիս: Հետո սկսեցի ես էլ կարել, հասկացա, որ դրա մեջ ես ինձ լավ եմ զգում, հետաքրքիր մտքեր են առաջանում, իսկ ես շատ եմ սիրում մտածել: Մոտ մի քանի տարի առաջ քնելիս աչքիս առաջ միանգամից հայտնվեց մի շատ շքեղ մանուշակի գույնի եւ դրա բույրն ունեցող (այո, ես նույնիսկ այդ հագուստի բույրը զգացի:)) մի հեքիաթային զգեստ: Այդ օրվանից սկսած՝ ինձ մոտ տարբեր ժամերին, ցանկացած վայրում եւ իրավիճակում առաջանում էին տարբեր մտքեր: Ցավոք, դրանցից դեռ շատ քչերն եմ իրագործել:

Ո՞ւմ եք առաջինը պատմում Ձեր կյանքում տեղի ունեցող նորությունները:

Ինքս ինձ: Ինձանից լավ խորհրդատու իմ կյանքում չկա:

Առաջին անգամ ո՞ր տարիքում եք սիրահարվել:

Եթե հաշվի առնենք նաեւ մանկությանս շրջանը, հնարավոր է՝ նաեւ մանկապարտեզում: Բայց ավելի լուրջ սիրահարվել եմ 21 տարեկանում, եւ առաջին անգամ հենց այդ տարիքում եմ համբուրվել:

Ե՞րբ եք առաջին անգամ սեր խոստովանել:

Առաջին անգամ սեր խոստովանել եմ ծննդյանս օրը՝ ծնողներիս, որ ինձ կյանք են տվել: Հետո՝ ինքս ինձ:

Իսկ եթե նկատի ունեք տղամարդուն սեր խոստովանել, դա եղել է հենց 21-22 տարեկանում: Ես գոռոզ մարդ չեմ, պարզապես հպարտ եմ: Սեր խոստովանելուց չպետք է վախենալ, որովհետեւ չգիտես՝ միգուցե այդ մարդուն այլեւս չտեսնես, իսկ սեր խոստովանելն այնպես է ջերմացնում սիրտն ու հոգին.... Սեր պետք է խոստովանել ամեն պահ, եւ ամենեւին պարտադիր չէ, որ դա լինի խոսքերով: Դա կարող ես անել վերաբերմունքի, հարգանքի, հոգատարության, ուշադրության միջոցով: Ընդհանրապես, եթե ես սկսում եմ մարդու հետ շփվել, դա նշանակում է՝ ես նրան սիրում եմ, եւ օր-օրի՝ ավելի շատ: Իսկ ես հազվագյուտ մարդկանց հետ եմ շփվում: Հաճախ սեր խոստովանեք. դա հզոր ուժ է եւ մի ամբողջ կյանք:

Ե՞րբ են առաջին անգամ Ձեզ սեր խոստովանել:

Չեմ կարող հիշել, քանի որ դա լինում է միշտ եւ անընդհատ:

Առաջին համարձակ լուսանկարը:

Միգուցե հասարակության համար դա լինի համարձակ, բայց ոչ ինձ համար: Սակայն դա նույնպես չեմ կարողանում հիշել (հիշողությունս լավ չէ :))

Առաջին հիասթափությունը...

Ի տխրություն բոլորի՝ ասեմ, որ ես բնավորությամբ այնպիսի մարդ եմ, որ երբեք չեմ հիասթափվում: Պարզապես հետեւություններ եմ անում եւ շարժվում առաջ:

Ձեզ հանդիպած առաջին դժվարությունը: Ինչպե՞ս եք այն հաղթահարել:

Իմ կյանքում շատ դժվարություններ են եղել, բայց ես երբեք չեմ սիրում հիշել վատը, միշտ միայն լավն եմ պահում իմ մեջ: Եվ ցանկացած վատ բանի մեջ պետք է մի լավ կողմ գտնել: Կյանքիս բոլոր դժվարություններն ինքս եմ հաղթահարել եւ հաղթահարում, երբեւէ որեւէ մեկին չեմ խառնել դրանց: Ես սիրում եմ միայնակ պայքարել եւ հաղթել…

Ձեր հեղինակած առաջին զգեստը:

Եթե հանրությանը ներկայացրած, ապա քրոջս՝ Թերեզայի զգեստը, որով նա ներկայացավ «Միսս Արմենիա» մրցույթին:

Առաջին մեծ հաջողությունը:

Մեծ հաջղությունս այն է, որ ես ես եմ: Մնացած ամեն ինչին իմ Ես-ի շնորհիվ եմ հասնում եւ դեռ կհասնեմ…

Ձեզ համար առաջնային է...

Բարդ հարց է, քանի որ իմ գլխում այդ հարցի հետ կապված միշտ տարբեր պատասխաններ են պտտվում: Եթե կյանքում, ապա՝ սերը. այն մեծ ուժ է տալիս կյանքի ցանկացած պարագայում, առաջ շարժվելու ուժ… Սեր եւ միշտ առաջ…

Կա՞ր թեմա, որն այսօր առաջին անգամ բացահայտեցիք:

Միգուցե՝ սիրո հետ կապված թեմաները…

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE