«Ես գոյություն չունեմ». ինչո՞ւ է կատակերգու Ջիմ Քերին փոխել կյանքի հանդեպ իր հայացքները

19:34   25 հունվարի, 2018

Հոլիվուդյան հայտնի կատակերգու Ջիմ Քերին վերջերս հարցազրույց է ունեցել The Talks պարբերականի լրագրող Ռուջեր Սթուրմի հետ, որի ընթացքում դերասանն իրեն բացահայտել է յուրովի: Քերին խոսել է իր նոր փիլիսոփայության, կյանքի, անհատականության վերաբերյալ նոր հայացքների եւ նկարչությամբ զբաղվելու մասին:

Հարցազրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Պարոն Քերի, երբեւէ Ձեզ մոտ նկատե՞լ եք հոգեկան խառնաշփոթ:

Դե, վերջին տարիների ընթացքում իմ մեջ շատ փոփոխություններ են տեղի ունեցել, շատ բաներ եմ հասկացել եւ, կարծում եմ, նորովի կարող եմ մոտենալ տարբեր հարցերի: Հիմա ես իմ ստեղծագործական գործունեությամբ ուզում եմ առաջ բերել այն գաղափարը, որ մենք չունենք անհատականություն: Ո՞վ ենք մենք, ինչո՞ւ ենք այստեղ: Պատասխանը մեկն է՝ ոչ ոք: Կարծում եմ՝ մենք պարզապես մարմիններ ենք:

Ի՞նչը հանգեցրեց, որ այդպես մտածեք:

Ենթադրում եմ՝ այն գիտակցումը, որ հասել ես մի տեղ, մի բանի, ինչի մասին բոլորն են երազում, բայց, միեւնույն է, քեզ դժբախտ ես զգում: Շոկային է, երբ դու իսկապես հասել ես ամեն ինչի, նույնիսկ ավելի շատ բանի, քան երազել ես, բայց հանկարծ մտածում ես. «Աստված իմ, կյանքը միայն սա չէ»: Ցանկանում եմ, որ բոլորն էլ հասնեն իրենց երազանքներին, եւ այդ ժամանակ միայն ունենան այս զգացողությունը: Ահա, թե ինչպես ես հասկացա, որ անհատականություններ չկան, կա միայն նրանց էներգիան:

Միայն Էներգիա՞:

Այո, կան շատ Ես-եր, որոնք միմյանց հետ խոսում են: Վերջին տարիներին շատ դժվարությունների միջով եմ անցել, դրանք ոչ մեկին չեմ ցանկանա… Հենց դրանց պատճառով կյանքին սկսեցի նայել այլ աչքերով, այլ հասկացողությամբ: Սովորեցի հասկանալ տառապանքը, ինչն արժեքավոր բան է, քանի որ դրա շնորհիվ ես դու փորձում լուծում գտնել ու ազատվել դրանից: Այսպիսով՝ ես մի նախազգուշացնող էներգիա ստացա, որի միջոցով հասկացա՝ ուզում եմ սիրվել, սիրել, ստեղծել ու հիանալ:

Արդյոք այդ գիտակցումից հետո դժվա՞ր չէ դիտել Ձեր մասնակցությամբ ֆիլմերը:

Նայելով դրանք՝ ես տեսնում եմ մեկին, որը կարծում էր, թե անհատականություն է եւ փորձում էր կերտել ինչ-որ հերոսի… բայց ինչպե՞ս: Օրինակ՝ երբ 1999 թ-ին ես նկարահանվեցի «Մարդը լուսնի վրա» ֆիլմում՝ մարմնավորելով Էնդի Քոֆմանին, ես հասկացա, որ կարող եմ կորցնել ինքս ինձ տվյալ կերպարի մեջ: Ամեն ինչ ընտրության հարց էր միայն: Երբ ֆիլմի նկարահանումն ավարտվեց, ինձ շուրջ մեկ ամիս պահանջվեց, որ հասկանամ, թե ով եմ ես: Դեպրեսիայի մեջ էի հայտնվել ու մտածում էի՝ նա կարողացել է չորս ամսով ինձանից խլել Ջիմ Քերիին, ուրեմն՝ ո՞վ է Ջիմ Քերին:

Եվ ի՞նչ պարզեցիք:

Հիմա գիտեմ, որ նա գոյություն չունի: Նա պարզապես միտք է:

Ի՞նչ նկատի ունեք:

Ջիմ Քերին ուղղակի միտք է, որն ինձ ծնողներս են տվել, այն, որ ես կանադացի եմ՝ նույնպես: Դու չես կարող լինել դերասան կամ իրավաբան: Իրավաբան են կոչվում նրանք, ովքեր սովորում են օրենքը, իրավունքները, բայց ընդհանրապես նման հասկացողություն չկա, ոչ ոք չի կարող լինել իրավաբան:

Ուզում եք ասել ոչինչ իրական չէ՞:

Գիտե՞ք, ես կարծում եմ՝ ամեն մեկն իր դերն է խաղում, այնքանով, որքանով կարողանում է, բայց ոչ մեկ էլ իրական չէ:

Պարոն Քերի, վերջերս սկսեցիք զբաղվել նկարչությամբ: Արդյոք դա օգնո՞ւմ է հաղթահարել այն փոփոխությունները, որոնք ապրել եք:

Ինձ համար նկարչությունն էլ ստեղծագործելու մի ուրիշ ձեւ է: Այն կոտրված սրտերի արդյունք է, իսկ ես պակաս չունեմ դրանցից: Այն թույլ է տալիս, որ արտահայտվես անմիջապես, ոչ թե սպասես, որ հայտնվի մի սցենար կամ լավ դեր: Հիմա ուզում եմ նկարել, ուզում եմ քանդկագործությամբ զբաղվել, իսկ մեկ տարի անց կհասկանամ, թե ինչ է թաքնված տվյալ նկարի կամ քանդակի մեջ:



© NEWS.am STYLE