Ինչպե՞ս սկսել գործել հենց հիմա եւ իրականացնել նպատակները

14:04   26 հունվարի, 2018

Սովորաբար որևէ նպատակ նախանշելիս՝ մենք ոգևորովում ենք և սկսում մտածել, թե ինչպես կարելի է այդ նպատակն իրականություն դարձնել: Առաջին պահին թվում է, թե ամեն ինչ իրատեսական է, և դուք ի վիճակի եք ձեր նպատակին հասնել, եթե ջանք չխնայեք և աշխատեք դրա իրականացման ուղղությամբ: Բայց որոշ ժամանակ հետո մի շարք հանգամանքներ՝ ծուլությունը, հիասթափությունը, անորոշությունը, անվստահությունը, ստիպում են ձեզ նոր ծնված գաղափարները հետաձգել լավագույն ժամանակների համար, որոնք, որպես կանոն, այդպես էլ երբեք չեն հասունանում: Ուրեմն ի՞նչ անել, ինչպե՞ս ստիպել ինքներդ ձեզ սպասելու փոխարեն գործել հենց հիմա:

Նախ՝ ձերբազատվեք ամեն ինչ հետագային թողնելու վնասակար սովորությունից

Եթե որևէ մեկը դիմացինին չի պարտադրում կատարել այս կամ այն աշխատանքը, օրինակ՝ մասնագիտության, աշխատանքի բերումով, ապա նա կարևոր ու շտապ գործերն անգամ հետաձգում է վաղվա օրվան, որը հիմնականում այդպես էլ չի գալիս: Արդյունքում մարդն իր առաջ դրած նպատակները, սեփական մտադրությունները կամ չի իրականացնում, կամ էլ իր առաջ դրված պարտավորություններից հնարավորինս արագ ձերբազատվելու համար դրանք շատ վատ է կատարում, անարդյունք: Ահա ինչու շատ կարևոր է սովորել հետևողական լինել և սեփական մտահաղացումները թեկուզ դանդաղ քայլերով, սակայն արդյունավետ կյանքի կոչել: Դրա համար պարզապես հարկավոր է միշտ վերահսկել սեփական արարքները և վարքը և թույլ չտալ, որ կողմնակի զգացումները խանգարեն ձեզ:

Ինչի՞ց սկսել

Սկսեք ձեր ցանկությունների և նպատակների ցուցակը կազմելուց: եթե անգամ այդպիսի ցուցակ արդեն ունեք, ապա արժե մեկ անգամ էլ այն վերանայել: Ընդ որում՝ դրանում ներառեք ոչ միայն ձեր մեծ ծրագրրեն ու ցանկությունները, այլև ամենօրյա գործերը: Որքան հաճախ է առիթ ստեղծվում ցուցակը վերանայելու, այնքան ավելի լավ: Որոշ հոգեբաններ անգամ խորհուրդ են տալիս այդ ցուցակը ձայնագրել և ամեն անգամ ձայնագրությունը լսել՝ աշխատանքի գնալիս:

Իսկ ցուցակի առաջին տողերում նշեք այն ծրագրերը, որոնք ձեզ աննշան են թվում կամ տհաճ և սկսեք դրանք իրականացնել: Այլապես բոլոր այդ անկարևոր թվացող գործերը կուտակվում են և սկսում ճնշել ձեզ: Ավելի լավ է տհաճ գործերից ազավել առավոտյան, երբ դեռ ուժ և եռանդ կա: Դրանցից հետո մնացած գործերը, որոնք ավելի ցանկալի են, ձեզ ավելի հեշտ կթվան:

Ինչպե՞ս անել առաջին քայլը

Թերևս հոգեբանորեն տրամադրվելուց: Հիշեք՝ քանի անգամ եք հետաձգված գործերը վերջապես ավարտին հասցնելուց հետո զարմացել ինքներդ ձեզ վրա՝ համոզվելով, որ ամեն ինչ պատկերացրածի պես բարդ չէր և անգամ հետաքրքիր էր: Նաև միշտ մտածեք, որ ձեր փոխարեն այդ աշխատանքը մեկ ուրիշը չի անելու: Օգտակար է նաև նախապես այս կամ այն աշխատանքն ավարտելու համար որևէ մրցանակ սահմանել, օրինակ՝ մտածեք, որ եթե ժամանակին և որակով գործն ավարտեք, ապա կգնեք խանութում ձեր հավանած զգեստը կամ ինքներդ ձեզ երես կտաք որևէ համեղ բան գնելով: 

Հիշեք, ամեն ավարտված նոր գործ ավելի ու ավելի ինքնավստահ է դարձնում ձեզ և օգնում բարձրացնել ինքնագնահատականը, ինչը նոր նվաճումների, առաջխաղացման կարևոր գրավական է:

Ինչպե՞ս հեշտացնել խնդիրը

Եթե նախապես զինվեք անհրաժեշտ գործիքներով, ապա հոգեբանորեն պատրաստ կլինեք ձեզ համար տհաճ և անցանկալի աշխատանքը կատարելուն: Ուստի գործը սկսելիս՝ նախապես կազմեք այն մարդկանց հեռախոսահամարների ցուցակը, որոնց հետ կապ հաստատելու անհրաժեշտություն կլինի, նշեք նաև այն թեմաները, որոնց շուրջ ստիպված եք լինելու խոսել, հարցեր բարձրացել:

Մասնագետների պնդմամբ՝ տհաճ և անցանկալի աշխատանքը որևէ մեկի հետ անելիս՝ այն ավելի արագ և արդյունավետ է առաջ գնում: Այնպես որ, կարող եք նաև գործընկեր գտնել և նրա  օգնությամբ հաղթահարել դժվարությունները:

Սովորեք հաճույք ստանալ աշխատանքից

Դրա համար գուցե աշխատանքը սկսեք ձեզ համար հաճելի որևէ գործողությունից, որը կբարձրացնի տրամադրությունը: Օրինակ՝ կարող եք ձեր սիրելի գրքից մեկ-երկու էջ ընթերցել, սուրճ եփել, մի քանի րոպե զբոսնել կամ հաճելի երաժշտություն լսել: Իսկ երբ զգաք, որ աշխուժացաք, անմիջապես անցեք աշխատանքի՝ կարճատև դադարներ տալով, որոնք ընթացքում նորից կարող եք վերադառնալ սիրելի և հաճելի զբաղմունքին:

Մի մոռացեք պարբերաբար գովել ինքներդ ձեզ ամեն հաջող քայլի համար և արժանի հանգիստ վայելել:

Որոշ ժամանակ հետո այս ամենը ձեզ համար սովորություն կդառնա և այդուհետ ամեն անգամ դժվար թվացող աշխատանքը հնարավոր կլինի հեշտությամբ հաղթահարել, ինչից դուք անգամ կսկսեք հաճույք ստանալ: Չէ որ ամեն մարտահրավերի հաղթահարումը հաղթանակ է ձեզ համար: Իսկ ամեն հաղթանակ ձեզ ավելի ուժեղ, դիմացկուն, անվախ և ինքնավստահ է դարձնում:

 

 

 

 

 

Источник – Elle.ru



© NEWS.am STYLE