Մարդու կյանքի 7-ամյա փուլերը

22:11   29 հունվարի, 2018

0-ից 7 տարեկան

Ուժեղ կապ մոր հետ: Կյանքի հորիզոնական ճանաչողություն: Զգացմունքների գիտակցում. մոր հոտը, մոր կաթը, մոր ձայնը, մոր ջերմությունը, մոր համբույրները առաջին զգացողություններն են: Այդ ժամանակաշրջանը, որպես կանոն, ավարտվում է մայրական սիրո պաշտպանական բոժոժից դուրս գալով եւ մնացած` առավել կամ պակաս սառը աշխարհի բացահայտմամբ: 

7-ից 14 տարեկան

Հոր հետ ուժեղ կապ: Աշխարհի ուղղահայաց ճանաչողություն: Անձի գիտակցում: Հայրը ընտանեկան բոժոժից դուրս աշխարհի բացահայտման նոր, բացառիկ գործընկեր է դառնում: Հայրն ընդլայնում է պաշտպանական ընտանեկան բոժոժը: Հայրն ուղղորդող է դառնում:  Մայրը սիրելի էր, հայրը պիտի պաշտելի լինի:

14-ից 21 տարեկան

Հասարակության դեմ բողոք: Նյութի ճանաչում: Ինտելեկտի ստեղծում: Սա պատանեկան տարիքի ճգնաժամն է: Աշխարհը ճանաչելու եւ գոյություն ունեցող կառույցները ճանաչելու ցանկություն է առաջանում:  Երիտասարդները հարձակվում են ընտանեկան բոժոժի, իսկ հետո նաեւ` ամբողջ հասարակության  վրա: Դեռահասին գայթակղում է այն ամենը, ինչն իրենից  «ընդվզում» է ներկայացնում` ուժեղ երաժշտությունը, ռոմանտիկ հարաբերությունները, անկախության ձգտումը, փախուստը, կապը երիտասարդության մարգինալ խմբերի հետ, անիշխանական արժեքները, հին արժեքների համակարգված մերժումը: Ժամանակահատվածն ավարտվում է ընտանեկան բոժոժից դուրս գալով: 

21-ից 28 տարեկան

Հասարակության մեջ մտնել: Կայունացում ընդվզումից հետո: Աշխարհի ավերման գործում ձախողվելով` ինտեգրվում են աշխարհին, ցանկանալով ավելի լավը լինել, քան նախորդ սերունդները: Ավելի հետաքրքիր աշխատանք են փնտրում, քան ծնողներինն է: Ապրելու ավելի հետաքրքիր վայր են փնտրում, քան ծնողների տունն է: Փորձում են ավելի երջանիկ զույգ ստեղծել, քան ծնողներինն է: Զուգընկերոջ ընտրություն ու օջախի ստեղծում:  Սեփական բոժոժի ստեղծում: Այդ ժամանակաշրջանը սովորաբար ամուսնությամբ է ավարտվում:  Այս պահից մարդը կատարել է իր առաքելությունը եւ վերջ է տվել առաջին պաշտպանական բոժոժին: 

ԱՌԱՋԻՆ ՔԱՌԱԿՈՒՍՈՒ ԱՎԱՐՏԸ 4×7 ՏԱՐԻ

Առաջին քառակուսուց հետո, որն ավարտվում է սեփական բոժոժի ստեղծմամբ, մարդը յոթնամյա շրջափուլերի երկրորդ սերիայի մեջ է մտնում: 

28-35 տարեկան

Օջախի ստեղծում: Ամուսնությունից, բնակարանից, մեքենայից հետո, երեխաներն են հայտնվում: Արժեքները կուտակվում են բոժոժի ներսում: Բայց եթե մարդը հաջողությամբ չի անցել առաջին չորս շրջափուլը, օջախը քանդվում է:  Եթե մոր հետ հարաբերությունները ճիշտ եղանակով չեն ապրվել, նա հանգիստ չի տա հարսին: Եթե հոր հետ եւս, վերջինս կսկսի խառնվել երիտասարդ զույգի գործերին:  Եթե  հասարակության դեմ ընդվզումը չի հաղթահարվել, աշխատավայրում բախումների ռիսկ կա:   35 տարեկանն այն տարիքն է, որում վատ հասունացած բոժոժը հաճախ պայթում է: Այդ դեպքում տեղի է ունենում ամուսնալուծություն, աշխատանքից ազատում, դեպրեսիա, հոգեսոմատիկ հիվանդություններ: Այդ դեպքում առաջին բոժոժը պիտի դեն նետվի, եւ… 

35-42 տարեկան

Ամեն ինչ զրոյից է սկսվում: Ճգնաժամից հետո մարդը, նախորդ փորձով եւ սխալներով հարստացած, երկրորդ բոժոժն է կառուցում: Պետք է վերանայել մոր, ընտանիքի, հոր, հասունության նկատմամբ վերաբերմունքը: Այն ժամանակաշրջանն է, երբ ամուսնալուծված տղամարդկանց կողքին սիրուհիներ են հայտնվում, իսկ ամուսնալուծված կանանց կողքին` սիրեկաններ: Նրանք փորձում են ընկալել, թե ինչ են սպասում արդեն ոչ թե ամուսնությունից, այլ հակառակ սեռից:  

Հասարակության հետ հարաբերություններն էլ պիտի վերանայվեն: Այսուհետ աշխատանքն ընտրում են ոչ թե նրա անվտանգության տեսանկյունից, այլ կախված նրանից, թե որքանով հետաքրքիր է կամ էլ` կախված այն ազատ ժամանակից, որ թողնում է դա:  Առաջին բոժոժի ավերումից հետո մարդը միշտ ցանկություն է ունենում հնարավորինս արագ երկրորդը ստեղծել: Նոր ամուսնություն, նոր աշխատանք, նոր հարաբերություններ:  Եթե անցյալի մակաբույծ տարրերից ազատումը հաջողությամբ է անցել, մարդը պիտի ի վիճակի լինի վերականգնել ոչ թե համանման, այլ բարելավված բոժոժը:   Եթե նա չի հասկացել անցյալի սխալները, նա ճիշտ նույնպիսի թաղանթ կվերականգնի եւ կհանգի նույն պարտություններին: Դա նշանակում է «շրջանով վազել»: Այդ ժամանակվանից բոլոր շրջափուլերը միայն նույն սխալների կրկնությունը կդառնան:

42-49 տարեկան

Հասարակության նվաճում: Հենց որ երկրորդ` բարելավված բոժոժը վերականգնվում է, մարդը կարող է ճանաչել ամուսնության մեջ, ընտանիքում, աշխատանքում, սեփական զարգացման մեջ կյանքի լիությունը: Այդ հաղթանակը հանգեցնում է պահվածքի երկու նոր տեսակի: 

Եթե մարդու համար կարեւոր են նյութական բարեկեցության նշանները` ավելի շատ փող, ավելի շատ հարմարավետություն, ավելի շատ երեխա, ավելի շատ սիրուհի կամ սիրեկաններ, ավելի շատ իշխանություն, նա անընդհատ մեծացնում եւ հարստացնում է իր նոր` բարելավված բոժոժը: 

Եթե մարդը ճամփա է ընկնում նոր տարածքներ նվաճելու, հենց` հոգեւոր, սկսվում է նրա անձի իրական արարումը: Տրամաբանության համաձայն, այս ժամանակահատվածը պիտի ավարտվի ինքնագիտակցության ճգնաժամով , էկզիստենցիալ հարցով: Ես ինչու եմ այստեղ, ինչու եմ ապրում, ինչ պիտի անեմ, որպեսզի կյանքը իմաստ ձեռք բերի  նյութական բարիքներից բացի:  

49-56 տարեկան

Հոգեւոր հեղափոխություն: Եթե մարդուն հաջողվել է ստեղծել կամ վերստեղծել իր բոժոժը եւ ինքն իրեն իրացնել ընտանիքում եւ աշխատանքում, նա, բնականաբար, ցանկություն է ունենում իմաստնություն ձեռք բերելու: Այս պահից սկսվում է վերջին արկածը` հոգեւոր հեղափոխությունը: 

Ոգեղենության փնտրտուքը, եթե դա ազնվորեն է արվում, չընկնելով խմբակային մտածողության եւ պատրաստի գաղափարների հեշտության մեջ, երբեք չի ավարտվի: Դա կզբաղեցնի մնացած ամբողջ կյանքը: 

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՌԱԿՈՒՍՈՒ ՎԵՐՋԸ`4×7 ՏԱՐԻ

N.B. 1: Հետագա զարգացումը պարուրաձեւ է տեղի ունենում: Ամեն յոթ տարին մեկ մարդը բարձրանում է մեկ գալարով եւ դարձյալ անցնում է նույն հարցերով. հարաբերություններ մոր եւ հոր հետ, վերաբերմունք հանրության դեմ ընդվզմանը եւ ընտանիքին: 

N.B. 2: Որոշ մարդիկ երբեմն դիտավորյալ ձախողվում են ընտանեկան հարաբերություններում եւ աշխատանքում, որպեսզի ստիպված լինեն բոլոր շրջափուլերը նորից սկսել: Այսպիսով նրանք փորձում են խուսափել կամ հետաձգել այն պահը, երբ ստիպված կլինեն անցնել հոգեւոր փուլին, որովհետեւ վախենում են դեմ առ դեմ դուրս գալ իրենց հետ: 

 

 

Բեռնարդ Վերբեր — «Հրեշտակների կայսրություն»

Աղբյուրը՝ matveychev-oleg



© NEWS.am STYLE