Գիլյերմո դել Տորոյի՝ «Օսկարի» հավակնող «Ջրի ձևը» ֆիլմը գրագողություն են անվանել

12:32   27 հունվարի, 2018

Ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյին մեղադրել են գրագողության մեջ իր նոր՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար: Ամերիկացի դրամատուրգ, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Պոլ Զինդելի որդին հայտնել է, որ ֆիլմի սցենարն ակնհայտորեն գրված է իր հոր՝ «Թույլ տուր լսել քո շշուկը» (Let Me Hear You Whisper) պիեսի հիման վրա:

«Մենք ցնցված ենք այն բանից, որ խոշոր կինոստուդիան կարող է ֆիլմ նկարել, որն ակնհայտորեն նման է մեր հանգուցյալ հոր ստեղծագործությանը, եւ ոչ ոք դա չի նկատի ու չի դիմի մեզ՝ սցենարի իրավունքները գնելու նպատակով», - բրիտանական The Guardian պարբերականին ասել է կրտսեր Զինդելը:

Նշենք, որ մեքսիկացի ռեժիսորի ֆիլմը բավականին դրական արձագանքի է արժանացել կինոքննադատների կողմից (Rotten Tomatoes-ում ֆիլմի վերաբերյալ կարծիքների 92 տոկոսը դրական են), այն «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանն առաջադրվել էր յոթ անվանակարգերում, սակայն միան երկուսում մրցանակի արժանացավ՝ լավագույն ռեժիսորական աշխատանքի և երաժշտության համար: Բացի դա, կինոպրոդյուսերների գիլդիան «Ջրի ձևը» տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել: Այն նաև ներկայացվել է բրիտանական BAFTA կինոմրցանակաբաշխությանը՝ մի քանի անվանակարգերում և, իհարկե, «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ 13 անվանակարգերում, այդ թվում՝ «լավագույն ռեժիսոր», «լավագույն դերասանուհի» և «լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգերում: Ընդ որում՝ «Ջրի ձևը»  համարվում է Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր՝ «լավագույն ֆիլմ» անվանակարգի հավակնորդը՝ Մարտին Մակդոնահի ֆիլմի հետ միասին:

«Ջրի ձևը» ֆիլմն այն մասին է, թե ինչպես Սառը պատերազմի տարիներին համր մի աղջիկ որպես հավաքարար աշխատանքի է ընդունվում գաղտնի լաբորատորիաներից մեկում, որտեղ գիտությանն անհայտ երկկենցաղ արարածի են ուսումնասիրում: Իմանալով, որ հանուն գիտության պատրաստվում են սպանել այդ արարածին, աղջիկն  օգնում է նրան փախչել: Ի դեպ, ֆիլմի սցենարը գրել է անձամբ դել Տորոն, ինչպես նաև Վանեսա Թեյլորը:

Փոլ Զինդելի պիեսը գրվել է 1969 թվականին և նույն տարի դրա հրման վրա համանուն հեռուստաֆիլմ է նկարահանվել, որի ռեժիսորն է Գլեն Ջորդանը: Ֆիլմի սցենարը նոյնպես գրել է դրամատուրգը: Այդ երկու ֆիլմերի սցենարներն իսկապես որոշակի նմանություն ունեն: Երկուսում էլ գլխավոր հերոսները աշխատանքի են անցնում ռազմական լաբորատորիայում, մտերմանում ուսումնասիրվող արարածների հետ և փրկում նրանց: Միայն թե Զինդելի պիեսում գիտնականների զոհը դելֆինն է, իսկ դել Տորոյի ֆիլմում՝ երկկենցաղ անհայտ ծագման արարածը:

Դրամատուրգի ժառանգների մեղադրական հայտարարությունից հետո կինոընկերությունը ստիպված էր արդարացնող պատասխան հայտարարություն անել. «Գիլյերմո դել Տորոն երբեք չի տեսել Զինդելի պիեսը և ոչ էլ դրա հիման վրա նկարահանված ֆիլմը... Եվ եթե դրամատուրգի ընտանիքը այդ կապակցությամբ հարցեր ունի, մենք պատրաստ ենք բանակցությունների նստել նրանց հետ»,- կինոընկերութան հայտարարությունը մեջբերում է The Hollywood Reporter-ը:

«Ջրի ձևը» ֆիլմի և Զինդելի պիեսի միջև նմանությունն առաջինը նկատել են Hollywood Nerd կայքի օգտատերերը: Դևիդ Զինդելը իր հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել հոր երկրպագուներին այն բանի համար, որ իր ուշադրությունը սևեռել են երկու ստեղծագործությունների ակնհայտ նմանության վրա:

 

Դել Տորոյին արդեն մեկ անգամ մեղադրել են գրագողության մեջ մեկ այլ ֆիլմի առնչությամբ: Նրան մեղադրում էին «The Space Between Us» կարճամետրաժ ֆիլմի սցենարն կրկնօրինակելու մեջ, սակայն Նիդերլանդների կինոակադեմիան այդ երկու ստեղծագործությունների նմանությունը հերքող հայտարարություն էր արել՝ ասելով, որ դրանք միմյանցից տաբերվող ֆիլմեր են:

 

 



© NEWS.am STYLE