Սովորում ենք NEWS.am STYLE-ի հետ. սեւ շրթներկի եւ ոսկեփայլ ստվերաներկի համադրությամբ գլամուրային դիմահարդարում (ֆոտո/վիդեո)

13:05   27 հունվարի, 2018

NEWS.am STYLE-ը շարունակում է համագործակցել հայ դիմահարդարների հետ՝ ներկայացնելով տարվա ամենահետաքրքիր ու թրենդային դիմահարդարումները: Այսօրվա մեր առաջարկած դիմահարդարումն ամենօրյա սովորական երեկույթների համար չէ: Այն նախատեսված է առավել համարձակ աղջիկների եւ կանանց համար, ովքեր պատրաստ են փայլել իրենց յուրահատկությամբ գլամուրային միջոցառումներին: Ի դեպ, փայլել բառն օգտագործված է հենց ուղիղ իմաստով:

Դիմահարդար Սոնա Մուրադյանը ներկայացնում է, թե ինչպես պետք է հարդարել դեմքն ու աչքերը՝ սեւ շրթներկի համադրությամբ: Դե, իսկ դիմահարդարումն իրականացնել մեզ օգնեց գեղեցկության միջազգային մրցույթներում Հայաստանը բազմիցս ներկայացրած մոդել Մարիամ Դավթյանը:

Այսպիսով՝ եթե ընտրել եք սեւ շրթներկ, ապա կարեւոր նախապայման է աչքերի նուրբ դիմահարդարումը: Այդ պատճառով Սոնան նախընտրեց դրանք չծանրաբեռնել մուգ գույներով. նա Մարիամի աչքերն ավելի արտահայտիչ դարձրեց թրեդային համարվող ոսկեփայլ ստվերաներկի եւ թարթչաներկի շնորհիվ:

Ի դեպ, ոսկեգույն ստվերաներկը կարող եք փոխարինել նաեւ արծաթագույնով՝ կախված նրանից, թե ինչ գույնի զգեստ եք հագնելու:

Իսկ ամբողջական պրոցեսին առաջարկում ենք հետեւել NEWS.am STYLE-ի տեսանյութի միջոցով:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE